Կիևում կրկին զանգվածային հուզումներ են

Հունվարի 19-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում զանգվածային հուզումներ են սկսվել: BBC-ն հաղորդում է, որ «Դինամո» մարզադաշտի մոտ՝ Գերագույն ռադայից ոչ հեռու, շուրջ 10 հազար մարդ է հավաքվել:

Ցուցարարներն ընդհարվել են ոստիկանության հետ, նրանց ուղղությամբ ձայնանռնակներ ու պայթագլանիկներ են շպրտել: Մարդկանցից շատերը դիմակներով ու սաղավարտներով են:

Ուկրաինական ընդդիմադիր «Ուդառ» շարժման առաջնորդ, բռնքամարտիկ Վիտալի Կլիչկոն փորձել է հանգստացնել ցուցարարներին: Նրա մոտ նույնպես ձայնանռնակ է պայթել:

Ուկրաինայում բողոքի զանգվածային ցույցերը պարբերական բնույթ ստացան, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի ճնշման տակ արտաքին-քաղաքական կտրուկ շրջադարձ կատարեց և հրաժարվեց Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիր և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր ստորագրելուց:

Ռուսական «Դոժդ» հեռուստակայքը Կիևից ուղիղ հեռարձակում է ապահովում:

Մեկնաբանել