«Դ!եմ եմ»-ի անդամները հանդիպեցին Սլավոնականի ուսանողների հետ

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բակում մարտի 12-ին` դասամիջոցի ընթացքում, անցկացրին իրենց երկրորդ բաց հանդիպումը ուսանողների հետ: Նախաձեռնության` նման ձևաչափով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 20-ին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) բակում:

Սլավոնական համալսարանի բուհի բակում էր նաև ռեկտոր Արմեն Դարբինյանը, որը ողջունելով «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներին, խորհուրդ տվեց կենտրոնանալ օրենքի տեխնիկական փաստարկման վրա:

Սլավոնական համալսարանի չորրորդ կուրսի ուսանող Շուշան Մելիքյանը, որը ներկա էր հանդիպմանը, նշեց, որ դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդմանը և ողջունեց «Դ!եմ եմ»-ի` ուսանողների հետ հանդիպման նախաձեռնությունը:

Համալսարանի մեկ այլ ուսանող` Գեորգի Արաբյանը, որը միաժամանակ աշխատում է, նշեց սակայն, որ կողմ է կենսաթոշակային նոր համակարգի մասին օրենքի` ներկայիս ձևով կիրառմանը:

Բուհի բակում հավաքվածների թվում էին նաև դասախոսներ, որոնք թեև չցանկացան ներկայանալ, սակայն համաձայնեցին իրենց կարծիքը հայտնել օրենքի և «Դ!եմ եմ» նախաձեռնության ակցիայի վերաբերյալ:

Նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը Սիվիլնեթի հետ զրույցում նշեց, որ ակցիաների այս շարքը շարունակական է լինելու:

Հունվարի մեկից ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որի շահառուներն են 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակային ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Սահմանադրական դատարանը, սակայն, մինչև մարտի 28-ը կասեցրել է 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Մեկնաբանել