Քեսապը՝ կառավարական ուժերի և ապստամբների կրակի արանքում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրքական օդուժը սիրիական օդանավ է ոչնչացրել, փոխանցում է Hurriyetdailynews.com-ը ։ «Սիրիական օդանավը խախտել էր մեր օդային սահմանը, և մեր F-16 կործանիչները վայր են գցել այն»,- հայտարարել է Էրդողանը իր նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ՝ Քոչաելի քաղաքում:

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ սիրիական օդանավը Թուրքիայի օդային սահմանը խախտել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ հայաբնակ Քեսապ գյուղի շրջանում:

Միջադեպը տեղի է ունեցել հայկական Քեսապ գյուղի վրա ավելի քան 48 ժամ ռմբահարությունից և հարձակումից հետո: Սիրիացի ապստամբները թուրքական սահմանի կողմից հարձակվել են Քեսապի վրա, ինչին Սիրիայի կառավարական ուժերը պատասխանել են ցամաքային և օդային ուժերով: Ռազմական գործողությունների արդյունքում տարհանվել են շրջանի բնակիչները, հիմնականում՝ հայեր, որոնք ցամաքային և ծովային ճանապարհով հասել են Լաթաքիա: Թեև ներկայում զոհերի մասին հաղորդումներ չկան, սակայն բազմաթիվ են կորած մարդկանց անունները:

Քեսապի գյուղերի գյուղապետերը մարտի 23-ին ավելի վաղ ՍիվիլՆեթին հաղորդել էին, որ Քեսապում հայ չի մնացել: «Վե՛րջ, Քեսապն այլևս չկա»,– ՍիվիլՆեթին ասել էին նրանք:

Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտությանը և աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության դեմ կռվող սիրիացի ապստամբներին ստեղծել է մի իրավիճակ, երբ հակամարտության կողմ չհանդիսացող հայերը հայտնվել են կրակի մեջտեղում և դարձել այդ հակամարտության պատանդը: Քեսապը, որ հարյուրամյակներ ի վեր բնակեցված է եղել հայերով, եղել է Սիրիայի և աշխարհի հայերի ամառային սիրելի զբոսավայրը: Սիրիական հակամարտության երեք տարվա ընթացքում Քեսապը անվտանգ ապաստան էր Սիրիայի մյուս շրջաններում բնակվող հայերի համար:

Սիրիան ներկայում բաժանված է տարբեր խմբավորումների միջև, որոնք վերահսկում են երկրի տարբեր շրջաններ: Ապստամբներն ի վիճակի չեն եղել գրավել կամ գրաված պահել երկրի հյուսիսային շրջանները, ինչպես նաև Միջերկրականի ալևիաբնակ ծովեզերքը:

Թուրքական սահմանի կողմից Սիրիայի հյուսիսի վրա այս հարձակումը հնարավոր է՝ փորձ է դիրքավորվելու հյուսիսում՝ Քեսապի շրջանում, հետագայում ծովեզրյա շրջանի վրա հարձակման անցնելու համար։ Թուրքիան փաստացի ցուցադրում է, որ թույլ չի տալիս սիրիական օդանավերին սավառնել երկու երկրների ընդհանուր սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ: Թուրքիայի կողմից սիրիական օդանավի տապալումը այդ քաղաքականության վկայությունն է: Սիրիան Թուրքիայի գործողությունները որակել է ռազմական ագրեսիա։

Առաջին անգամ չէ, երբ Քեսապը կռվախնձոր է դառնում հակամարտող կողմերի միջև։ Երկրորդ աշխարհամարտի նախօրեին Սիրիայի մանդատատեր Ֆրանսիան սիրիական Ալեքսանդրետի սանջաքը զիջեց Թուրքիային, որպեսզի երաշխավորի վերջինի չեզոքությունը սպասվող պատերազմում և թույլ չտա նրա՝ Գերմանիայի հետ դաշնակցությունը։ Ֆրանսիացիները 1939թ. հանրաքվե կազմակերպեցին Ալեքսանդրետի սանջաքում՝ որոշելու շրջանի ապագան:

Ընդամենը մի քանի տասնյակ ձայնի տարբերությամբ որոշվեց, որ Ալեքսանդրետի ամբողջ շրջանը պետք է հանձնվի Թուրքիային: Մուսա լեռը և Քեսապը սանջաքի մաս էին կազմում և հանրաքվեով նույնպես անցնում էին Թուրքիային: Մուսա լեռան բնակչությունը հեռացավ, և միայն Վակըֆ գյուղի հայերը չհեռացան:

Քեսապի բնակիչները զենքի դիմեցին և ինը ամիս պայքարեցին Թուրքիայի վերահսկողությանն անցնելու դեմ։ Վկայություններ կան, որ Վատիկանի բարձրաստիճան կաթոլիկ հոգևորական, կարդինալ Գրիգոր Աղաջանյանի միջնորդությամբ Հռոմի պապը միջնորդեց ֆրանսիացիներին, որպեսզի վերջինները Քեսապը պահեն Սիրիայի վարչական կազմում:

Մեկնաբանել