Մեր նոր «դաշնակիցները»

Հայ դիվանագետներն ու իշխանական քարոզչամեքենան փորձում են միմյանց հետ կապել երկու իրադարձություն` ՄԱԿ-ում Ղրիմի հարցով Հայաստանի քվեարկությունն ու Քեսապի հայ բնակչության տեղահանությունը դատապարտող Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը: Պետք է հասկանալ, որ Հայաստան պետության շահը և սիրիահայության անվտանգությունը բոլորովին տարբեր բաներ են: Եթե անգամ Հայաստանը ՄԱԿ-ում իր «դեմ» քվեարկության դիմաց Ռուսաստանից «կորզել» է (հավատո՞ւմ եք) քեսապահայությանն աջակցող հայտարարություն, ապա այդ երկուսը համարժեք չեն: Բացի այդ, նույն օրը` մարտի 29-ին, Միացյալ Նահանգները ևս դատապարտեց Քեսապից հայերի տեղահանությունը:

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում մարտի 27-ին ընդունած բանաձևին կազմակերպության 193 անդամներից միայն 11-ն է «դեմ» քվեարկել: 58 պետություններ «ձեռնպահ» էին, իսկ 100-ը` «կողմ»: Եվս 24 պետություններ չեն մասնակցել քվեարկությանը:

Իր քվեարկությամբ Հայաստանը դասվել է երկրների խմբի, որը պատիվ չի բերում Հայաստանին և հայությանը: Հայաստանից և Ռուսաստանից բացի` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չեն հարգել Բելառուսը, Սիրիան, Սուդանը, Զիմբաբվեն, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Բոլիվիան, Կուբան և Վենեսուելան: Հայաստանի պետությանը և հայ ժողովրդին պատիվ չբերող ավելի վատ խումբ դժվար էր պատկերացնել: Հայաստանը պարտավոր էր «ձեռնպահ» քվեարկել կամ ընդհանրապես չքվեարկել:

Հայաստանի կողմից սա այն եզակի քվեարկությունն է ՄԱԿ-ում և միջազգային ամբիոնում, որը չունի որևէ տրամաբանություն և բացատրություն: Միակ (չարդարացված) բացատրությունը և տրամաբանությունը կարող է լինել այն, որ ռուսները մեզ ստիպել են: Բայց այս դեպքում էլ բացատրությունը վիրավորական է հնչում մի պետության հասցեին, որն ունի արդեն 25 տարվա անկախություն և փառահեղ հաղթանակ է տարել Արցախյան պատերազմում:

Եթե Արցախը հանրաքվեով որոշած լիներ միանալ Հայաստանին և Հայաստանը իր կազմում ընդգրկած լիներ Արցախին, ապա կարելի էր ասել, որ հանուն Արցախի է Հայաստանը ճանաչել Ղրիմի հանրաքվեն և, հետևաբար, մարտի 27-ի նրա «դեմ» քվեն արդարացված է: Բայց մենք բոլորս գիտենք, որ Արցախը հանրաքվեով հռչակել է իր անկախությունը: Այսպիսով, հենց այս հանգամանքը բավարար է, որպեսզի անտեղի զուգահեռներ չանցկացվեն Արցախի և Ղրիմի միջև:

Հայաստանը շուտով դառնալու է Մաքսային միության անդամ, որին մաս են կազմում Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Եթե Մաքսային միության անդամները միասնական դիրքորոշում որդեգրած լինեին, ապա գուցե մարտի 27-ի Հայաստանի «դեմ» քվեարկությունը արդարացված լիներ: Սակայն պարզվում է, որ Ղազախստանը «ձեռնպահ» է քվեարկել:

Հայաստանը մաս է կազմում ռազմաքաղաքական ՀԱՊԿ կազմակերպությանը, որին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: ՀԱՊԿ-ի ողնաշարը Ռուսաստանն է: Այս դաշինքի անդամ պետություններից երեքը` Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը, չեն հետևել Ռուսաստանին: Ղազախստանը, ինչպես նշեցինք, «ձեռնպահ» է եղել, իսկ Տաջիկստանն ու Ղրղզստանը չեն մասնակցել քվեարկությանը:

Եթե Հայաստանը քվեարկությունից առաջ հիշել է, որ միջազգային տարբեր ամբիոններում Ուկրաինան բազմաթիվ անգամներ հօգուտ Ադրբեջանի է քվեարկել, երբ օրակարգի վրա են եղել Արցախյան հարցը կամ նախկին ԽՍՀՄ տարածքում առկա սառեցված հակամարտությունները, ապա այդ տրամաբանությամբ Հայաստանը առաջին հերթին պետք է հիշի, որ Ռուսաստանը ևս բազմաթիվ անգամ քվեարկել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, այդ թվում` ԵԱՀԿ շրջանակում: Հետևաբար, սա այն դեպքը չէ, երբ Հայաստանը պետք է «վրեժ լուծեր» Ուկրաինայից, մի պետություն, որտեղ բնակվում են ավելի քան 300 հազար հայեր:

Հայ դիվանագետները բացատրում են, որ ունենալով Արցախի խնդիրը, Երևանը չի կարող կողմ չլինել ինքնորոշման սկզբունքին: Այս բացատրությունը գուցե համոզիչ ընկալվեր, եթե Հայաստանը ճանաչած լիներ Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ինչը չի արել: Եվ շատ ճիշտ է արել, որ չի ճանաչել այդ երեք միավորների անկախությունը, քանի դեռ չի ճանաչել Արցախը: Բացի այդ` Ղրիմի դեպքը ավելի շատ նման է Ռուսաստանի կողմից ուժի սպառնալիքի տակ արված անեքսիայի:

Ամենացավալին, անշուշտ, այն է, որ Հայաստանը մարտի 27-ի իր քվեարկությամբ դասվեց պետությունների շարքում, որտեղ իրականացվում են բռնություններ ու սպանություններ, որտեղ իշխում է անօրինականությունն ու ամենաթողությունը, որտեղ կոռուպցիան սահմանադրական նորմ է, որտեղ ընտրությունների ճանապարհով նախագահ չի փոխվում:

Մեզ` Հայաստանին ու հայերին, պատի՞վ է բերում լինել Հյուսիսային Կորեայի հետ նույն խմբում: Իսկ Զիմբաբվեի՞: Սուդանի մասի՞ն ինչ կասեք: Իսկ Կուբա՞յի: Թվարկումը չշարունակենք` հուսալով, որ այս ցավալի և Հայաստանին ու հայ ժողովրդին պատիվ չբերող սխալը չի կրկնվի:

Պետք է ոչ թե արդարանալ, ինչպես անում են մեր դիվանագետները (մեր լավ դիվանագետներն ի՞նչ անեն, Սերժ Սարգսյանի ձեռքը կրակն են ընկել), այլ չկրկնել սխալը:

Մեկնաբանել