Իմ խնդիրը համակարգն է, «Ազատությանն» ասել է Տեր-Պետրոսյանը

«Առանց քաղաքական ուժերի աջակցության քաղաքացիական շարժումները ոչ մի բանի չեն կարող հասնել: Հակառակն էլ ասեմ, քաղաքական ուժերն առանց քաղաքացիական շարժումների աջակցության ոչ մի հաջողության չեն կարող հասնել». ասել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ ճեպազրուցում:

Մայիսի 10-ին ՀՀ առաջին նախագահը անակնկալ այցելել էր իր ղեկավարած Հայ ազգային կոնգրես կուսակցության երիտասարդական թևի համագումարին, որը գումարվել էր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքին և դրա շուրջ ստեղծված աղմուկին և քաղաքացիական շարժմանը, առաջին նախագահը պատասխանել է. «Դա աղմուկ չէ, լուրջ շարժում է և ճիշտ հարցադրում է, բայց դա ինձ համար մասնակի հարց է: Մի անգամ, եթե կուտակայինը լուծեցին իրենց ուզած ձևով, ժողովրդի ուզած ձևով, ի՞նչ է փոխելու այսօր: Կուտակայինի պես հազար հատ հարց գոյություն ունի: Դրանով թալանը վերանալո՞ւ է, արտագաղթը վերանալո՞ւ է»:

Տեր-Պետրոսյանը համաձայնել է լրագրողի ակնարկին, որ համակարգային լուծում է պետք: «Իմ խնդիրը համակարգն է, ուրիշ խնդիր ես չունեմ»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկացած այդպիսի հարց, եթե բարձրացվում է, ողջունելի է, և եթե դրանք շատանան, բազմազան դառնան, ավելի զանգվածային դառնան, կնպաստեն համակարգային փոփոխություններին:

Սահմանադրական բարեփոխումներին վերաբերյալ հարցին ի պատասխան՝ առաջին նախագահն ասել է. «Ես այս իշխանությունների ձեռնարկած ոչ մի քայլի չեմ հավատում: Ինչքան բարեփոխում են, այնքան երկիրը կործանվում է: Նրանց բոլոր այսպես կոչված բարեփոխումները՝ չակերտավոր, ուղղված են այս երկիրը կործանելուն»:

Առաջին նախագահը հրաժարվել է պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ օրերս արած հայտարարության մասին հարցին:

Մեկնաբանել