Շվեյցարացիները դեմ են ամենաբարձր նվազագույն աշխատավարձին

Շվեյցարիայում մայիսի 18-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն՝ երկրի քաղաքացիների մեծ մասը հրաժարվել է աշխարհում ամենաբարձր նվազագույն աշխատավարձը սահմանելու նախաձեռնությունից:

Ինչպես հաղորդում է AFP-ն, շվեյցարացիների միայն 23%-ն է կողմ, որ ժամական նվազագույն վարձավճարը բարձրացվի մինչև 22 ֆրանկ ($25), որի դեպքում ամսական նվազագույն աշխատավարձը կկազմեր 4000 շվեյցարական ֆրանկ ($4500):

Հանրաքվեի նախաձեռնողներն (հիմնականում Շվեյցարիայի արհմիությունների առաջնորդները և նրանց սատարող սոցիալիստները) ավելի վաղ բազմիցս հայտարարել են նվազագույն աշխատավարձ սահմանելու անհրաժեշտության մասին՝ Ժնևի և Ցյուրիխի նման քաղաքների բնակիչների ծախսերի բարձր աստիճանի հետ: Նրանց կարծիքով՝ տների, բուժօգնության, ինչպես նաև երկրում պարենային ապրանքների (քաղաքացիների հիմնական ծախսերը) գները այնքան բարձր են, որ ամսական 4 հազ. ֆրանկից քիչ վաստակելով՝ հնարավոր չէ ապրել:

Այս առաջարկության դեմ առավել գործուն հանդես է եկել փոքր և միջին բիզնեսը, որը ապահովում է երկրում աշխատատեղերի 2/3-ը: Ընդդիմախոսները նշում են, որ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը կավելացնի արտադրական ծախսերը և գործազրկության պատճառ կդառնա՝ հատկապես երիտասարդների շրջանում:

Մեկնաբանել