Երևանում կգործի բացօթյա կինոթատրոն

Հունիսի 1-ից Մարզահամերգային համալիրի հարևանությամբ` բլրի լանջին, կբացվի Հայաստանում առաջին բացօթյա կինոթատրոնը`CornPop Cinema: Վերջինիս ֆեյսբուքյան էջի համաձայն` նախաձեռնողները երկու երիտասարդներ են՝ Տաթևն ու Գևորգը:

Կինոթատրոնում ցուցադրվելու են թեմատիկ, դասական, հին ու նոր ֆիլմեր, մուլտֆիլմեր երեխաների համար, ֆիլմեր օտար լեզուներով: Տոմսի արժեքը կազմելու է 1000 դրամ, որի դիմաց այցելուները կստանան նաև բարձեր և տաք ծածկոցներ` կինոդիտումն է՛լ ավելի հարմարավետ դարձնելու համար:

Կինոթատրոնը զինված է լինելու Հայաստանի խոշորագույն էկրանով և բարձրագույն տեխնոլոգիաներով:

Բացօթյա կինոթատրոնը կշարունակի ֆիլմերի ցուցադրությունը մինչ հոկտեմբերի վերջ:

Մեկնաբանել