Քառյակի մարտավարական սխալը

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը պատրաստվում է 12 կետից բաղկացած պահանջ ներկայացնել կառավարությանը և գործող իշխանություններին: Ընդդիմությունը դեռևս չի ցանկանում բացել փակագծերը և ներկայացնել վերոհիշյալ կետերի բովանդակությունը: Ըստ քառյակի ներկայացուցիչների հայտարարությունների՝ չի բացառվում, որ աշնանը կազմակերպվի միասնական հանրահավաք` ի պաշտպանություն ներկայացված պահանջների իրականացման:

Փաստացի ընդդիմադիր քառյակը թայմ-աութ է վերցնում և ժամանակ տալիս գործող իշխանություններին մինչև աշուն: Դրանով քաղաքական գործընթացները Հայաստանում մտնում են պասիվ փուլ:

Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը և իշխանություններին ժամանակ տալը առավել քան տարօրինակ և անտրաբանական է: Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը ամենևին էլ այն պետական գործիչը չէ, որը կկարողանա երկիրը դուրս բերել սոցիալ-տնտեսական ճգնաժամից: Այդպես մտածելու դեպքում պետք է նաև հայտարարել, որ Սերժ Սարգսյանը որևէ ազդեցություն չունի տնտեսական իրավիճակի վրա, իսկ քաղաքականությունն ու բիզնեսը Հայաստանում տարանջատված են: Սա կատարյալ մոլորություն է: Հենց ՀՀԿ ղեկավարի անմիջական ջանքերով բիզնեսն ու իշխանության սերտաճումը հասավ իր գագաթնակետին:

Առանց քաղաքական լուծումների Հայաստանում տնտեսական իրավիճակ փոխելը ֆանտաստիկայի ժանրից է: Հովիկ Աբրահամյանը ազատ մրցակցային դաշտ կստեղծի գործարարների համար և կկրճատի ստվերը այնքանով, որքանով Սերժ Սարգսյանը ինքնակամ հրաժարական կտա:

Հետևաբար, Հովիկ Աբրահամյանին պահանջներ ներկայացնելով՝ պարզապես բարձրացվում է նրա քաղաքական կշիռը: Ոչ իշխանական քառյակի կողմից վեկտորների մի մասը կառավարության կողմը ուղղելը մարտավարական սխալ է: Սերժ Սարգսյանի ստեղծած իշխանական բուրգում միանձնյա որոշում կայացնողը հենց ինքն է, ուստի երկրում տիրող իրավիճակի հիմնական պատասխանատուն գործող նախագահն է: Եթե ոչ իշխանական քառյակը ցանկանում է արմատական փոխությունների հասնել, պետք է ջանքներն ու գործողությունները կենտրոնացնի բացառապես Սերժ Սարգսյանի ուղղությամբ: Հակառակ դեպքում քաղաքական նպաստավոր իրավիճակում է հայտնվում Սերժ Սարգսյանը, որի իշխանավարման ժամկետը ընդդիմության կողմից երկարաձգվում է:

Հայաստանում սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակ փոխելու համար առաջին փուլում ընդդիմության միակ պահանջը պետք է լինի համակարգային և արմատական իշխանափոխությունը, մյուս բոլոր ճանապարհները տանում են Սերժ Սարգսյանի իշխանության հարատևությանը:

Մեկնաբանել