Գերմանիայի հավաքականը` աշխարհի քառակի չեմպիոն

Մունդիալ 2014-ի եզրափակչում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով առավելության հասավ Արգենտինայի ընտրանու նկատմամբ և նվաճեց աշխարհի գավաթը:

Հանդիպման մեկնարկից արդեն պարզ դարձավ, որ երկու թիմերն էլ չեն պատրաստվում հույսը դնել ետխաղյա 11 մետրանոցների վրա: Առաջին իրական գոլային պահն ունեցան արգենտինացիները. 21-րդ րոպեին Տոնի Կրոսը գլխով սխալ ետ փոխանցում կատարեց, գնդակը հայտնվեց Իգուաինի մոտ, ով միայնակ էր Մանուել Նոյերի առջև, բայց շեղ հարվածեց: 30-րդ րոպեին Իգուաինի հարվածից հետո գնդակը հայտնվեց Նոյերի պաշտպանած դարպասում, բայց եզրային մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց:

32-րդ րոպեին Յոահիմ Լյովը ստիպված էր առաջին փոփոխությունը կատարել, վնասվածք ստացած Կրիստոֆ Կրամերի փոխարեն խաղադաշտ մտավ Անդրե Շուրլեն:

40-րդ րոպեին Լիոնել Մեսսին գերազանց անցում կատարեց աջ եզրով, և միայն Բոատենգը վերջին պահին փակեց գնդակի ճանապարհը: 4 րոպե անց արդեն գերմանացիները կարող էին աչքի ընկնել. Մյուլլերի փոխանցումից հետո Անդրե Շուրլեն լավ հարված կատարեց, բայց Ռոմեռոն վստահ ետ մղեց գնդակը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում գերմանացիներն իրենց ամենավտանգավոր պահը ստեղծեցին. Հովեդեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Ընդմիջումից հետո խաղն էլ ավելի հետաքրքրացավ: 48-րդ րոպեին Մեսսիի հարվածից հետո գնդակն աննշան շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով:

Այդուհետ երկու թիմերն մի քանի հիանալի պահ ստեղծեցին միմյանց դարպասների մոտ, բայց հանդիպման հիմնական ժամանակում այդպես էլ գոլեր չտեսանք:

Լրացուցիչ ժամանակը պակաս հետաքրքիր չանցավ: Ամենավտանգավոր պահը ունեցան արգենտինացիները. 98-րդ րոպեին Ռոդրիգո Պալասիոն միայնակ մնաց Նոյերի առջև, փորձեց գնդակը նետել նրա վրայով, բայց հարվածը թույլ ու շեղ ստացվեց:

Ամեն ինչ որոշվեց լրացուցիչ երկրորդ խաղակեսում. 113-րդ րոպեին Անդրե Շուրլեի փոխանցումից հետո Մարիո Գյոթցեն հիանալի հարվածով խփեց հաղթական գոլը:

Գերմանիա – Արգենտինա՝ 1:0, Գերմանիայի հավաքականը 4-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Մեկնաբանել