Հայաստանը կիսում է եզդիական համայնքի մտահոգությունները. Շավարշ Քոչարյան

Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն օգոստոսի 8-ին ընդունել է եզդիական համայնքային կառույցների ներկայացուցիչներին։

ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանի եզդիների ներկայացուցիչները փոխնախարարին են ներկայացրել իրենց մտահոգությունները` կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։

Շավարշ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները: Փոխարտգործնախարարն ասել է, որ միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը շարունակելու է բարձրաձայնել Իրաքում, և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնությունները վերջ դնելու անհրաժեշտության մասին և այդ նպատակով օգտագործելու է իր բոլոր հնարավորությունները:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ, իր հերթին, դիմում էր ներկայացրել ՀՀ կառավարությանը` Իրաքի եզդիներին հումանիտար օգնություն տրամադրելու առաջարկով:

Իսլամիստ արմատական զինյալների՝ օգոստոսի սկզբին Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքի գրոհումից հետո տեղի եզդի փոքրամասնության (որը քաղաքն իր հայրենիքն է համարում) անդամները, վախենալով կորցնել կյանքը, ստիպված են եղել փախչել շրջակա սարերը։ Ներկայում լինելով զուրկ սննդից, ջրից և բուժօգնությունից՝ հազարավոր ընտանիքներ օգնության խիստ կարիք ունեն։

Օգնության կոչ են հնչեցրել նաև Հայաստանի եզդիները․ օգոստոսի 6-ին եզդիների համայնքը նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով ձեռք մեկնել Իրաքում բնակվող իրենց հայրենակիցներին։

Օգոստոսի 7-ին էլ մի քանի տասնյակ եզդիներ հավաքվել են Հայաստանի կառավարության շենքի դիմաց։ Նրանք պարզել են պաստառներ՝ «Փրկենք իրաքաբնակ եզդիներին ցեղասպանությունից», «Դադարեցրեք եզդիների ցեղասպանությունը» և այլ գրություններով։

Իրաքի եզդիներին սպառնացող վտանգի մասին ՍիվիլՆեթի հետ զրուցել էր արևելագետ Վարդան Ոսկանյանը: Հարցազրույցը` այստեղ:

Մեկնաբանել