Հայկական գյուղ են վաճառում Թուրքիայում. Արիս Նալջը

Թուրքական T24 կայքում լույս է տեսել պոլսահայ լրագրող Արիս Նալջըի հոդվածը, որը պատմում է վաճառքի դրված հայկական գյուղի մասին: Լրագրողը գնացել է վաճառքի մասին հայտարարության հետքերով, զրուցել գյուղը վաճառողի հետ, ուսումնասիրել հայկական այդ գյուղի պատմությունը: Նա նաև պատմում է Ստամբուլի Շիշլի թաղամասում մի հնավաճառի մասին, որը վաճառում էր նախկինում հայերին պատկանած տներից վերցված հնություններ: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

– Բարև, եղբայր, ես հետաքրքրվում եմ այն հայտարարությամբ, որ դուք տեղադրել եք sahibinden.com կայքում:

– Ասա՛, ախպեր ջան:

– Վաճառում ես հայկական գյուղ, այն կոնկրետ որտե՞ղ է գտնվում:

– Գրված է Օրհանգազիում, սակայն գտնվում է Բուրսայից դեպի Գեմլիք տանող ճանապարհին՝ Ասայիշ և Գյուվենլի գյուղերի մոտ:

– Ասում ես, թե հայկական գյուղ է եղել: Այժմ ի՞նչ վիճակում է:

– Խառը չէ, թող դա չանհանգստացնի քեզ: Լազ, չերքեզ ու նման բաներ չկան այնտեղ:

– Այսի՞նքն:

– Գյուղում բոլորը մուհաջիր են (Բալկաններից եկած քոչվոր մուսուլմաններ – ՍիվիլՆեթ): Անհանգստանալու բան չկա:

– Լավ, եթե ես ամսվա վերջին գամ, կարո՞ղ եմ տեսնել գյուղը, այն ենթակառուցվածքներ ունի՞, թե՞ ոչ:

– Ունի, ինչպես չունի: Ճանապարհները քարքարոտ են, սակայն մայրուղու մոտ է, գյուղն ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները: Այսինքն՝ ինչ կա՝ գրել ենք հայտարարության մեջ, որ հետո սուտ դուրս չգանք: Այնտեղ հին հայկական գերեզմանատուն կա:

– Այսինքն՝ ո՞նց թե գերեզմանոց: Եթե գերեզմանոց է, ապա այդ տարածքը պետք է պատկանի Գերեզմանների վարչությանը, այդպես չէ՞:

– Ո՛չ, այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հին տերերը ոսկորներ են գտել: Ինչ եմ ուզում ասել` տուն-մուն սարքելիս մի՛ վախեցիր դրանցից:

Այս զրույցն իրական է:

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մեծ Մորս դաջվածքները» ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարդալյանը սոցիալական ցանցի իր էջում տեղադրել էր այս հայտարարությունը: Ես էլ համացանցում փնտրեցի, գտա ու կապ հաստատեցի գեմլիքցի հարգելի Մ. Ի.-հետ, որն անշարժ գույքի գործակալ է: Այդպես տեղի ունեցավ մեր խոսակցությունը:

Իհարկե, պիտի ձևացնեի, թե գնորդ եմ: Հակառակ դեպքում՝ պատասխան չէի ստանա:

Որքան մոտենում է 2015թ., պետությունը կարծես թե շինծու փորձեր է անում` ցույց տալով, թե հետաքրքրքված է հայերի խնդիրներով, սակայն փոխանակ ավելանա փոխըմբռնումը, շատանում են մարդիկ, ովքեր ինձ նամակներ են գրում՝ հայերի թողած ոսկիները և խլված գույքը վաճառելու նպատակով:

Արդեն մի քանի շաբաթ է՝ Մուհսին անունով մի մարդ սոցիալական ցանցում գրում է, թե «արի՛ Մուշում ոսկիներ փնտրենք»:

Հաջորդ անգամ անպայման կպատմեմ Գազիօսմանփաշայում սուրճի սեղանի շուրջ գանձագողերի պատմությունների, ինչպես նաև այն մասին, թե Մուշում ինչ պատահեց ինձ և Մուհսինի հետ: Այժմ, սակայն, խոսում ենք վերոնշյալ հայտարարության մասին:

Այո՛, գնալու եմ: Ուղեկցելու եմ գանձագողերին` տեսնելու համար, թե կարո՞ղ եմ համոզել, որ չքանդեն եկեղեցիներն ու հին գերեզմանատները: Իսկ եթե քանդեն, իմ ձեռքով նրանց կհանձնեմ ոստիկանությանը. տեսնենք՝ նրանց հետ ինչպես կվարվեն:

Չեմ կարծում, թե ինչ-որ բան կանեն նրանց, սակայն ես անպատճառ պետք է անցնեմ այս փորձության միջով: Պետք է դա անեմ, որպեսզի հասկանամ հայերի ու հույների ունեցվածքի վրա հույս դրած հազարավոր մարդկանց հոգեբանությունը:

Թո՛ղ նրանք ինձ իրենց տեղը դնեն, ես էլ ինձ` իրենց տեղը, որպեսզի կարողանան հասկանալ իմ ցավը:

Ինչևէ, ինտերնետային կայքում տեսնելով «Վաճառվում է հայկական գյուղ» գրությունը, մտքովս ինչ ասես անցավ:

Իսկ եթե ցանկանում եք տենել վաճառվող հայկական գյուղերի ցանկը՝ հղումները՝ ստորև:

Մեկը՝ 105 հազ. թուրքական լիրա (մոտ 50 հազ. դոլար)

http://www.sahibinden.com/ilan/emlak-arsa-satilik-asil-yatirimdan-700-yillik-eski-ermeni-yerlesim-yeri-174748885/detay/

Մյուսը՝ 75 հազ. լիրա (38 հազ. դոլար)

http://www.sahibinden.com/ilan/emlak-arsa-satilik-asil-yatirimdan-700-yillik-eski-ermeni-koyu-174747945/detay

Շատ թանկ չեն…

Քարսաք գյուղը

Վաճառվող գյուղի տարածքների և մրգատու այգիների քարտեզներին ծանոթանալուց, ինչպես նաև փոքր հետազոտություն անցկացնելուց հետո հասկացա, որ հավանաբար գործ ունենք Գեմլիքի հայկական Քարսաք գյուղի հետ:

Այն գտնվում է Բուրսայից՝ 42, Օրհանգազիից՝ 11 կմ հեռավորության վրա:

Չգիտեմ, թե որ թվականին է հիմնադրվել գյուղը, սակայն կան հին եկեղեցու ավերակներ, հայերին և հույներին պատկանող գերեզմաններ (հենց այս գերեզմանոցներն էլ վերոնշյայլ վաճառվող տարածքներն են): Մինչև Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը գյուղի մեծամասնությունը հույներ ու հայեր էին: Հանրապետության հիմնադրումից հետո արդեն Թրակիայից եկած գաղթականները զբաղեցրեցին հույների և հայերի բնակավայրերը: Շրջանառվող առասպելի համաձայն` 1900-ականների սկզբներին Բուլղարիայից եկած գաղթականները ցանկացել են հաստատվել այդ գյուղում, սակայն նրանց խանգարել են այդ կողմերի գյուղերի հայերը:

Դրությունը բարդացել է, և գործին միջամտել է այդ ժամանակաշրջանի ժանդարմերիան, ինչի հետևանքով Քարսաքի վերին ու ստորին հատվածներում կառուցվում է երկու գյուղ, որոնք բնակեցվում են Բուլղարիայից գաղթած թուրքերով:

Այդ գյուղերի անուններն են Ասայիշ (թուրքերեն՝ հանգիստ) և Գյուվենլի (թուրքերեն՝ ապահով – ՍիվիլՆեթ):

Ինչ խորհրդանշական անուններ են, չէ՞:

1915-ին և հետագա տարիներին ցեղասպանված, աքսորված հայերին պատկանող ամայացած գյուղերը ոչնչանում են, և դրանց տարածքի հաշվին ընդլայնվում են վերոնշյալ երկու գյուղերը: Հայկական գյուղը վերանում է քարտեզի վրայից և ներառվում շրջակա գյուղերի տարածքի մեջ:

Կարծես թե խուսափել են գերեզմանոցներնից, և հենց այդ պատճառով էլ մինչև 2014թ. ոչ ոք ձեռք չի տվել:

Եթե ցանկանում եք ավելի մանրամասն իմանալ Գեմլիքի հայերի մասին, այցելեք այս կայքը http://team-aow.discuforum.info/t3580-Gemlik-Kazasi.htm:

Ես երբեմն մտածում եմ, որ մենք՝ հայերս, ունենք մեր սեփական գաղտնի ալեհավաքը:

Որտեղ էլ լինեք՝ մի հայ կգտնեք:

Այդ հարցում մենք վարպետ ենք: Ըստ երևույթին` մեր «սակավությունն» է պատճառը:

Երբ իմանում ենք, որ նույնիսկ մի հայ կա, մեր թիվը մեկով ավելանում է, մեզ ավելի լավ ենք զգում:

Ասում ենք՝ «Տեսե՛ք` Չինաստանում էլ մենք կանք» (չնայած՝ այնտեղ ունենք մեծ հայկական համայնք: 🙂

Երբեմն ես ու կինս` Լինդան, ebay և թուրքական համանման ցանցերում գրում ենք ermeni (թուրքերեն՝ հայ – Սիվիլնեթ) կամ Armenian և որոնում ենք:

Ձեզ կզարմացնեն արդյունքները:

Արհեստականորեն հնեցված ափսեներ, որոնց վրա հունարեն է գրված:

Թղթեր, որոնք իբր գանձ փնտրելու քարտեզներ են:

Ահավասիկ, վաճառվող հայկական գյուղեր:

Իհարկե, կան նաև ճիշտ բաներ:

Հին փաստաթղթեր

Գրքեր

Ամսագրեր

Բացիկներ

Լուսանկարներ

Հին սկավառակներ

Ձայնասկավառակներ

Եվ էլի ինչե՜ր, ինչե՜ր:

Եվ դրանից ինձ թե՛ լավ եմ զգում և թե՛ վատ: Քանի որ այդ հնությունների այդտեղ հայտնվելու պատճառը կա՛մ նախկին տերերի գոյություն չունենալն է, կա՛մ այդ վայրերից գողացված լինելը:

Շիշլիի (Հայաշատ թաղամաս Ստամբուլի եվրոպական մասում – ՍիվիլՆեթ) մեր տան մոտ մի հնավաճառ կար:

Ամեն շաբաթ` ուրբաթ օրերին, մի ավտոմեքենա գալիս և ճամպրուկով փաստաթղթեր էր դատարկում այդ խանութում:

Հին քրքրված իրեր էին, սակայն մեծ քանակությամբ` պարկերով:

Մի օր իմացա, որ այդ թղթերն ու հնությունները հանգուցյալների լքված տներից են վերցված:

Ժամերով խորասուզվում էի փաստաթղթերով լեցուն պարկերի մեջ:

Դրանք Փարիզում աշխատող մի հայ բժշկի՝ կնոջը գրված նամակներ էին:

Տնից հավաքելու-գողանալու ընթացքում ընդհանրապես հոգ չէր տարվել դրանց մասին:

Էջերը ճմռթած, ճղված էին. դժվարությամբ էի կարդում:

Եթե կար, օրինակ, առաջին էջը՝ չկար երկրորդը:

Լավ է գոնե որոշների վրա թե՛ առջևի, թե՛ հետևի կողմում ձեռագիր գրություններ կային:

Նկատի ունեցեք՝ դժվարություններից մեկն էլ բժշկի հայերեն ձեռագրերն էին, հազիվ էի նմանեցնում ինչ-որ բանի:

Սակայն ամեն նամակի հետևի կողմում բանաստեղծություն կար:

Ինչևէ, երբ մտա խանութ, հնավաճառը որոշեց պարկը 100 թուրքական լիրայով (50 դոլար) վաճառել ինձ, բայց երբ սկսեցի ավելի մանրակրկիտ ուսումնասիրել և խորասուզվել բժշկի բանաստեղծությունների մեջ, ամեն մի նամակի գինը հասավ 25 (13 դոլար) լիրայի:

Մի պարկի գինն արդեն մոտենում էր 1000 թուրքական լիրայի:

Վերջում վիճեցի այդ մարդու հետ և հեռացա:

Դրանից հետո, երբ անցնում էի այդ փողոցով, նա ինձ խեթ-խեթ էր նայում:

Անցած անգամ նայեցի՝ նամակները դեռ այնտեղ են, չեն վաճառվել:

Հետաքրքրվողների համար՝ կրպակը գտնվում է Ռեհա Յուրդաքուլ փողոցի սկզբնամասում:

Մեկնաբանել