Պուտինն աշխարհի ամենաազդեցիկ մարդն է. Forbes

PutinՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է Forbes-ի Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցուցակը:

Ամերիկյան ազդեցիկ հանդեսի վարկանիշի երկրորդ հորիզոնականում այս տարի ևս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է, երրորդում` Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:

2012թ. Պուտինը այս վարկանիշում զբաղեցրել էր երրորդ տեղը. առաջին և երկրորդ հորիզոնականներն այդ ժամանակ զբաղեցրել էին Բարաք Օբաման ու Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը համապատասխանաբար:

Forbes-ի 2014թ. Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը`

  1. Վլադիմիր Պուտին (Ռուսաստանի նախագահ),
  2. Բարաք Օբամա (ԱՄՆ-ի նախագահ),
  3. Սի Ցզինպին (Չինաստանի նախագահ),
  4. Ֆրանցիսկ (Հռոմի պապ),
  5. Անգելա Մերկել (Գերմանիայի կանցլեր),
  6. Ջանեթ Յելեն (ԱՄՆ-ի Ֆեդերալ պահուստային համակարգի փոխնախագահ),
  7. Բիլ Գեյթս (Microsoft ընեկրության համահիմնադիր),
  8. Մարիո Դրագի (Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ),
  9. Սերգեյ Բրին (Google-ի համահիմնադիր),
  10. Լարի Փեյջ (Google-ի համահիմնադիր):

«Մենք լուրջ քննադատության ենթարկվեցինք, երբ անցյալ տարի Ռուսաստանի նախագահին անվանեցինք աշխարհի ամենաազդեցիկ մարդ: Սակայն անցած տարվա ընթացքում Պուտինը բռնակցեց Ղրիմը, ուրիշի ձեռքերով պատերազմ սկսեց Ուկրաինայում և գազային պայմանագիր կնքեց Չինաստանի հետ, որի արժեքը գերազանցում է 70 մլրդ դոլարը: Այնպես որ, մեր ընտրությունը մարգարեական եղավ»,- ասված է Forbes-ի խմբագրակազմի հայտարարությունում:

Forbes-ի վարկանիշում ընդհանուր առմամբ ներառվել է 72 քաղաքական, տնտեսական և հասարակական համաշխարհային գործիչ:

Ամերիկյան ամսագիրը այսպիսի ցուցակ է կազմում 2009թ.-ից ի վեր:

Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը ներառում է Forbes-ի խմբագիրների միասնական կարծիքը: Խմբագիրները հաշվի են առնում գործիչների ֆինանսական ռեսուրսները, իշխանության օգտագործումն ու ծավալը, մարդկանց քանակը, որոնց վրա նրանք ազդեցություն ունեն:

Մեկնաբանել