Ինչո՞ւ պետք է պահպանեմ հայկական հուշարձանները. Բիթլիսի փոխնահանգապետ

Բիթլիսի Սբ Ախպերիկ վանքը Բիթլիսի Սբ Ախպերիկ վանքը

Դեռ անպատասխան է մնում հարցը, թե արդյոք Բիթլիս քաղաքի փողոցներից մեկը, որտեղ գտնվել է Վիլյամ Սարոյանի հայրական տունը, կանվանակոչվի՞ աշխարհահռչակ գրողի պատվին, թե՞ ոչ, գրում է Պոլսի «Ակօս» շաբաթաթերթը:

Ըստ պարբերականի՝ Լոնդոնի Կոմիտաս Ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը Բիթլիսի վերոնշյալ փողոցը Սարոյանի պատվին անվանակոչելու նպատակով բաց նամակով դիմել էր Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթուրքին: Նամակում Սարաֆյանը հիշեցրել է Բիթլիսի քաղաքային խորհրդի որոշումը, ըստ որի՝ Բիթլիսը որևէ կապ չունի Սարոյանի հետ: Ավելին՝ հայտարարվել էր, թե անվանակոչման համար միայն քաղաքային խորհրդի ձայները բավարար չեն, հետևաբար նահանգապետարանը չի կարող թույլտվության տալ:

Բիթլիսից ստացված նոր տեղեկությունների համաձայն՝ փողոցի անվանակոչմանը հավանության չտալը, ըստ էության, պայմանավորված չէ վերոնշյալ գործընթացներով: Ըստ «Ակօսի»՝ դա թուրքական պետության ավանդական քաղաքականության շարունակությունն է:

Այսպես՝ հոկտեմբերի ամսին Բիթլիսի նահանգապետի տեղակալ Սալիհ Ալթունը, Բիթլիսի պատմամշակութային հուշարձաններին նվիրված սեմինարի ընթացքում անդրադառնալով Բիթլիսի նահանգում գտնվող Սբ Ախպերիկ վանքին և նկատի ունենալով հայերին, հայտարարել է. «Մ՞իթե մեր նախնիների՝ սելջուկների և օսմանցիների՝ մեզ ժառանգած բոլոր հուշարձանները պետք է մի կողմ թողնենք ու պահպանենք ինչ-որ քար ու ժայռ: Իհարկե, ո՛չ: Այստեղ շատ մեծ պարադոքս կա. եթե մի մարդու չեմ սիրում, նշանակում է՝ չեմ սիրում նաև նրա կառուցածը: Ինչո՞ւ այն պահպանեմ»:

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Բիթլիսի փոխնահանգապետը հերքել է «Ակօսի» հրապարակումը` նշելով, որ պատրաստվում է դատական գործ հարուցել խմբագրության դեմ:

Արա Սարաֆյանը մտադիր է շարունակել աշխատել փողոցի անվանակոչման ուղղությամբ: Կոմիտաս ինտիտուտի ղեկավարի խոսքով` ինքը համագործակցում է Բիթլիսի քաղաքական գործիչների հետ և ցանկանում է այդ աշխատանքներում ներգրավել նաև Բիթլիսի նահանգապետ Օզթուրքին: Բիթլիսի քաղաքային խորհրդի այս ամսվա օրակարգում կրկին լինելու է փողոցի անվանակոչման հարցը: Բացի այդ` Արա Սարաֆյանը այլ պահանջներ ունի Բիթլիսի քաղաքապետարանին՝ վերականգնել Բիթլիսի սահմաններում գտնվող հայկական եկեղեցիներն ու վանքերը: Սարաֆյանը նաև հույս է հայտնել, որ քրդերը, որոնք ձգտում են հայերի հետ խաղաղության, պատմության վերաբերյալ կեղծիքներ չեն անի, և դա օրինակ կլինի Թուրքիայի մյուս շրջանակների համար:

Վիլյամ Սարոյանը, որի ընտանիքը Բիթլիսից հեռացել է 1915թ. առաջ, մեծ սեր է տածել դեպի հայրենի բնակավայրը: 1964թ. Սարոյանը այցելել է Բիթլիս:

Մեկնաբանել