Բաքուն Մինսկի խմբի հայտարարությունը սադրանք է որակել

baku-p-palaceԲաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չբացելու» մասին հայտարարությունը սադրանք է որակում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ հայտարարությունը «անիմաստ և անտրամաբանական» է:

«Մինսկի խմբի համանախագահները սադրիչ հայտարարություն են արել՝ իբր ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում: Ուղղաթիռի անկման վայրը Ադրբեջանի տարածք է»,- ասել է Ասկերովը:

Համանախագահները նոյեմբերի 19-ի հայտարարությամբ կոչ են արել Ադրբեջանին հնարավորություն տալ վերադարձնել ուղղաթիռի զոհերի մարմինները:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը խոցել են ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող երեք հայ զինվորականները:

Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարել էին, որ դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ խնդրելով հանդես գալ միջնորդի դերում` խփված ուղղաթիռի երեք օդաչուների մարմինները հայկական կողմին հանձնելու հարցում: Ադրբեջանի ՊՆ-ն էլ նոյեմբերի 18-ին հայտարարել էր, թե «թույլ կտա խոցված ուղղաթիռի հայ օդաչուների դիերը վերցնել, եթե հարկ համարի»։

Մեկնաբանել