Մոսկվան ու Սուխումին պատրաստ են աբխազական երկաթուղու վերագործարկմանը

PutinՌուսաստանն ու Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումիի, Թբիլիսիի և Երևանի միջև երկաթուղային տարանցիկ հաղորդակցության ստեղծման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ բանակցությունների արդյունքներով։

Ռուսաստանի և Աբխազիայի նախագահները նոյեմբերի 24-ին հանդիպում են ունեցել Սոչիում։ Բանակցությունների արդյունքներով Պուտինն ու Խաջիմբան ստորագրել են Ռուսաստանի և Աբխազիայի միջև դաշնակցության և ռազմավարական գործակցության մասին պայմանագիրը։

«Հնարավոր ենք համարում միասին մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել այնպիսի նախագիծ, ինչպիսին է երկաթուղային տարանցիկ հաղորդակցությունը Սուխումիի, Թբիլիսիի ուղղությամբ, ապա մի կողմից՝ դեպի Հայաստան և մյուս կողմից՝ դեպի Ռուսաստան»,- հայտարարել է Պուտինը, որի խոսքը մեջբերում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ այս և նմանատիպ այլ նախագծերը թույլ կտան ստեղծել պայմաններ տարածաշրջանի շահագրգիռ բոլոր երկրների միջև համագործակցության զարգացման համար։

Ակնարկ

Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նոյեմբերի սկզբին հայտարարել էր, որ աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ փակ բանակցություններ են ընթանում, «ռուսական և վրացական կողմը խիստ կարևորում են աբխազական հատվածի երկաթուղային կապի վերականգնման գործընթացը»: Թբիլիսին կտրականապես հերքել է հայկական կողմի՝ փակ բանակցություններին մասնակցության մասին հայտարարությունը: Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է, որ որևէ բանակցություն չի ընթանում, և այս առումով որևէ առաջընթաց չկա, իսկ էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ վրացական կողմը աբխազական հատվածի երկաթուղու հարցով որևէ բանակցությունների չի մասնակցում:

Օրերս Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, իշխող«Վրացական երազանք» դաշինքի անդամ Լևան Բերձենիշվիլին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է, որ աբխազական երկաթգիծը չի բացվի, որ Վրաստանը հետաքրքված չէ դրանում, և որ կառավարությունն այս հարցի վերաբերյալ բանակցություններ չի վարում։

«Պետք է տխրեցնեմ բոլոր նրանց, ովքեր սպասում են այդ հարցի շուտ լուծմանը: Առաջիկա մի քանի տասնյակ տարիների ընթացքում այդ երկաթուղին չի բացվի: Ամեն դեպքում, ես այդպես եմ մտածում: Այս կառավարությունը մտադիր չէ քննարկել այդ հարցը, քանի որ չենք ճանաչում Աբխազիան որպես անկախ պետություն: Մենք Ռուսաստանի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, ինչը թույլ չի տալիս բացել այդքան մեծ ճանապարհ: Երրորդն ու ամենակարևորը՝ Վրաստանի տնտեսության համար այդ ճանապարհը ոչ մի նշանակություն չունի՝ բացի գլխացավանքից: Ես հականում եմ, որ Հայատանի համար դա շատ կարևոր է, բայց Վրաստանի համար դա այդպես չէ: Վրաստանի ցանկացած կառավարություն, որը նույնիսկ կխոսի երկաթգծի բացման մասին, հաջորդ օրը ստիպված կլինի հրաժարական տալ»,- նշել է պատգամավորը:

Տեսանյութը՝ ստորև:

Մեկնաբանել