Կենտրոնական բանկն իր նոր դերում

indexԿենտրոնական բանկը հայտարարել է, որ դրամի ճշգրտումը [արժեզրկումը] «նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին»:ԿԲ-ն առանց վարանելու միանգամից կարող էր 1 դոլարը դարձնել 840 դրամ, ու այդ դեպքում ժողովուրդը կապրեր երկու անգամ ավելի լավ: Արդյունքում երկու անգամ ավելի շատ աշխատատեղեր կստեղծվեն, երկու անգամ ավելի մրցունակ տնտեսություն կունենանք, տնտեսական աճը կդառնար երկնիշ, տրանսֆերտներն էլ երկու անգամ ավելի գնողունակ կդառնան: Հստակ երևում է, որ ԿԲ-ն չի ուզում, որ ժողովուրդը միանգամից լավ ապրի: Այդ իսկ պատճառով ԿԲ-ն դեռ թույլ է տվել դրամի միայն 5 տոկոս արժեզրկում, և ըստ տարածած հաղորդագրության տրամաբանության՝ 5 տոկոսով էլ բարձրացրել է ժողովրդի բարեկեցությունը։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունություն ապահովելն է: Կենտրոնական բանկը, սակայն, հետաքրքրված չէ դրամի արժեզրկման հետևանքով առաջացող գնաճով, քանի որ իր գործառույթից բացի՝ զբաղված է ամեն ինչով: Ավելին, վերջին հայտարարությունները ցույց տվեցին, որ ԿԲ-ում նաև մտածում են ժողովրդի բարեկեցության մասին և ձեռնամուխ են եղել տնտեսական աճի բարձրացման գործին: Հետաքրքիր է՝ վարչապետը տեղյա՞կ է, որ կառավարության պարտականությունների մի ստվար մաս իր վրա է վերցրել ԿԲ-ն:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարել է, որ դրամի արժեզրկումը «դրական հետևանքներ կարող է ունենալ»: Երիցյանը չի պարզաբանել, թե դրական հետևանքներ ասելով՝ ինչ նկատի ունի:

Զավեշտն ամբողջացնելու համար ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթում ԿԲ-ն օժտվի նոր գործառույթներով, օրինակ՝ սննդի անվտանգության ապահովման, բնակչության առողջապահության, ինչպես նաև քաղաքացիների երջանկության ապահովման պարտականություններով:

Մեկնաբանել