Երևանը միացել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագրին»

1b2f196c15e8c06543d2f6a0b99871a30e25ddafԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Մարգարյանը Տրայան Հրիսթեային է փոխանցել Եվրամիության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը Երևան քաղաքի միանալու ստորագրված ձևաթուղթը:

ԵՄ պատվիրակության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Երևանը իրոք կարող է լուրջ դեր ունենալ ԵՄ «Քաղաքապետերի դաշնագրի» շրջանակում:

«Սա իսկապես կարևոր քայլ էր Երևանի համար: Դուք, ըստ էության, միացաք Ձեր շուրջ 5000 կոլեգաներին, որոնք ներկայացնում են ոչ միայն Եվրոպական միությունը, այլև միության հարևան երկրները և ունեն համանման խնդիրներ: Եվ հաշվի առնելով տարբեր ուղղություններով մեր համագործակցության արդյունավետությունը՝ վստահ եմ, որ այս դեպքում ևս Երևանն առաջատար դեր կունենա համաձայնագրի կետերի կյանքի կոչման հարցում»,- ընդգծել է Տրայան Հրիսթեան:

Երևանի քաղաքաապետը ևս կարևորել է ԵՄ-ի հետ գործակցությունը:

«Մենք այսօր համագործակցում ենք աշխարհի ավելի քան 40 քաղաքների հետ և անդամակցում միջազգային ու տարածաշրջանային 8 կազմակերպությունների` ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մենք մեծապես կարևորում ենք տարբեր ուղղություններով և ոլորտներում համագործակցության խորացումը նաև Եվրամիության հետ և պետք է նշեմ, պարոն դեսպան, որ Ձեր անմիջական աջակցությամբ մեր համատեղ ծրագրերն իսկապես արդյունավետ ու հաջողված են դառնում»,- ասել է Տարոն Մարգարյանը։

Դաշնագիրը շրջանառության մեջ է դրվել 2008թ.՝ Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ: Միանալով դաշնագրին՝ տեղական իշխանությունները պարտավորվում են մինչև 2020թ. ապահովել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետման զգալի կրճատում՝ էներգետիկ արդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգիայի աղբյուրներում ներդրումների միջոցով:

Մեկնաբանել