Ռուսաստանը ներում է Ուզբեկստանի պարտքի 95%-ը

Ռուսաստանի և Ուզբեկստանի նախագահները պայմանավորվել են պարտքի և գազի հարցում։ Ռուսաստանի և Ուզբեկստանի նախագահները պայմանավորվել են պարտքի և գազի հարցում։

Ռուսաստանն ու Ուզբեկստանը դեկտեմբերի 10-ին համաձայնագիր են ստորագրել ֆինանսական փոխադարձ պարտավորությունների կարգավորման վերաբերյալ։ Համաձայն ստորագրված փաստաթղթի՝ Մոսկվան Տաշքենդին դուրս կգրի պարտքի մոտ 95%-ը (ավելի քան $860 մլն)։ Պարտքի ընդհանուր ծավալը $890 մլն է։

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուզբեկստան պաշտոնական այցի շրջանակում։

Մոսկվան ու Տաշքենդը նաև գազային խոշոր գործարք են քննարկել։ Պուտինի խոսքով՝ ռուսական «Լուկօյլ» ընկերությունը մտադիր է մինչև 2039թ․ մոտ $5 մլրդ ներդնել Ուզբեկստանի «Կանդիմ» նախագծում։

Խոսքը ջերմաէներգետիկ ոլորտում Ռուսաստանի և Ուզբեկստանի համատեղ խոշորագույն նախագծերից մեկի՝ «Կանդիմ-Խաուզակ-Շադի-Կունգրադ» գազակոնդենսատային հանքավայրերի խմբի յուրացման մասին է։

«Լուկօյլ»-ի ղեկավար Վագիտ Ալեկպերովի խոսքով՝ «Կանդիմ» հանքավայրի շահագործման նախագծին մասնակցության 30-տոկոսանոց բաժնեմասի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել չինական ընկերությունները։

Մինչև 2016թ․ «Լուկօյլ»-ը մտադիր է Ուզբեկստանում արդյունահանել տարեկան առնվազն 18 մլրդ խմ գազ։

Գյուղարտադրանք և պատժամիջոցներ

Պուտինի այցի նախօրեին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվան հույս ունի մեծացնել գյուղարտադրանքի մատակարարումները Ուզբեկստանից՝ պայմանավորված ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներով։

«Այստեղ բացվում են նոր հնարավորություններ, և տվյալ հարթությունում աշխատանք է տարվում արդեն մի քանի ամիս շարունակ»,- ասել է նա։

Պուտինի օգնականի խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստին որոշում է ընդունվել Ուզբեկստանում համատեղ ստեղծել պտուղ-բանջարեղենային թարմ արտադրանքի վերամշակման մինի արտադրություններ, որտեղից արտադրանքն այնուհետև ուղարկվելու է Ռուսաստան։

Ուշակովը նաև հայտարարել էր, որ Ուզբեկստանի պարտքի խնդրի լուծումը կբացի հնարավորություններ՝ այդ երկիր ռուսական ռազմական տեխնիկայի մատակարարումների համար՝ նոր վարկերով։

Ներկայում Ռուսաստանն Ուզբեկստանի առևտրային հիմնական գործընկերն է․ Ռուսաստանին բաժին է ընկնում Ուզբեկստանի միջազգային առևտրի 27․5%-ը։

Ուշակովի խոսքով՝ վերջին ինը ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 8%-ով՝ համեմատ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի։

Մեկնաբանել