Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է Նյու Յորքում

Այս գիշեր Նյու Յորքի հանրահայտ «Մեդիսոն Սքվեր Գարդեն» կենտրոնի դահլիճում կայացել է ցուցադրական մենամարտ, որին մասնակցել են ԱՄՆ-ի ուժեղագույն ըմբիշներից Քայլ Դեյքն ու Հայաստանի ուժեղագույն մարզիկներից Արսեն Ջուլֆալակյանը, ով այս տարի դարձել է ըմբշամարտի աշխարհի չեմպիոն։

Մեր մարզիկը հաղթել է 6։3 հաշվով։ Մենամարտից հետո Արսենն ասել է, որ սա անսովոր փորձ էր իր համար, քանի որ առաջին անգամ էր մենամարտում ազատ ոճայինի հետ։ Այդ պատճառով նա սկզբում միավորներ է տվել մրցակցին։ Իսկ ընդամենը 3 միավորի տարբերությունը նա բացատրել է ոճերի տարբերությամբ։ «Ես չէի ցանկանում ռիսկի դիմել, քանի որ ազատ ոճային ըմբիշներն ավելի ճկուն են»,- ասել է Արսենը։

Հայ ըմբիշն ասել է, որ նյույորքյան մենամարտին մասնակցել է ոչ թե գումարի համար, այլ այն պատճառով, որ դա տեղի է ունենում հանրահայտ «Մեդիսոն Սքվեր Գարդեն» կենտրոնում։