Թուրքիայում դատական համակարգը ծնկի է գալիս, արդարությունը՝ հօդս ցնդում. Բայդար

Yavuz BaydarԹուրքական Today’s Zaman պարբերականում, որը վերջերս դարձավ կառավարական ճնշումների թիրախ, լույս է տեսել հայտնի լրագրող, սյունակագիր Յավուզ Բայդարի հոդվածը՝ «Աղետը խորանում է, իրավիճակը՝ ավելի վատանում» վերնագրով: Բայդարը ցավով նշում է, որ Թուրքիայի հասարակությունը կաթվածահար է եղել. անվանի լրագրողները ձերբակալվում են, լռեցվում է ազատ խոսքն ու մամուլը: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:

Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների այս փուլում ես դժվարանում եմ խոսքեր գտնել: Ինձ ցավ է պատճառում դիտորդի դերը, երբ ամբողջ հասարակությունը կաթվածահար է եղել, երբ ժողովրդավարական անցման փխրուն գործընթացը կոպտորեն ոտնահարվում է մեկ քաղաքական գործչի կողմից:

Այն, ինչ տեղի ունեցավ մամուլի հետ և մամուլի ներսում, ինձ ստիպեց հուսալքված՝ փորփրել հիշողությունս:

Թույլ տվեք Ձեզ ցույց տալ՝ ինչ էիր գրել ավելի քան երեք տարի առաջ. «Թուրքիայի լրատվական դաշտը վաղուց կորցրել է իր ուղեցույցն ու համերաշխության զգացումը: Այժմ այն կառավարվում է խոր բևեռացմամբ և փոխադարձ անվստահությամբ: Հսկայական ռազմատենչությունը, ձեռք ձեռքի սեփականատիրական հավատարմության հետ, 1990-ականներին ոչնչացրեց այն, ինչ մնացել էր լավ լրագրությունից»:

«Լրագրողները՝ ոմանք միամտաբար, դարձան ծայրաստիճան բարդ միջավայրում ընթացող իշխանության համար մղվող պայքարի գործիք, մյուսները, ծպտված որպես լրագրողներ, ծառայում էին (գաղտնի մաս էին կազմում) պետությանը, բյուրոկրատական համակարգին և (մամուլի) սեփականատերերին»:

«Այդ ամենը մեզ դարձրեց անձնապես խոցելի, մասնագիտական առումով՝ փխրուն»:

«Մենք կարող ենք շարունակել քննարկել վերջին գործընթացի միայն զոհերին, սակայն ժամանակն է, որ մամուլը առերեսվի իր դրության արմատական պատճառներին»:

Սրանք հատվածներ էին Today’s Zaman-ում լույս տեսած հոդվածից (2011թ. մարտի 9) ՝ «Լրագրողները ձերբակալված են, մամուլը՝ պատանդ վերցված» վերնագրով` իմ գործընկերներ Ահմեթ Շըքի ու Նեդիմ Շեների ձերբակալությունից օրեր անց:

Այնուհետև ես գրում եմ. «Շըքը իմ հին ընկերներից է: Ես փոքր կասկած անգամ չունեմ նրա՝ լավ լրագրությանը նվիրվածության հարցում. դա ապացուցվել է մի քանի տարի առաջ Nokta շաբաթաթերթում նրա խիզախ աշխատանքով»:

«Ահմեթը շարունակեց աշխատել Radikal օրաթերթում, սակայն նրան ազատեցին աշխատանքից: Նա իրավական պայքար մղեց և շահեց գործը, սակայն նրան թույլ չտրվեց վերադառնալ (Radikal): Այսօր Շըքի ձերբակալությունը դատապարտողներից շատերը այն ժամանակ դրան չարձագանքողներն են»:

2012թ. մարտի 13-ին նրանց ազատ արձակումից հետո ես գրեցի մի հոդված՝ «Արդարություն, ուրիշ ոչինչ» վերնագրով. «Երբ 2010թ. սեպտեմբերի հանրաքվեում [2010թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե – Սիվիլնեթ] Թուրքիայի 58 տոկոսը ասաց «այո», մեծ ակնկալիքներ կային, որ դա կխթանի բարեփոխումները դատական ոլորտում և արագորեն արդարություն կբերի: Հանրաքվեից ի վեր միայն հիասթափություն ենք ապրում: Դատական համակարգըը, որը կենսական է անցումային գործընթացներում, շարունակում է վնասել վերափոխման գործընթացին՝ օգտակար լինելու փոխարեն: Եկեք բոլորս հուսանք, որ 2012-ը լինելու է կարևոր այս դատավարությունների տարին»:

Եվ հավելեցի. «Երկու իմ գործընկերներ Նեդիմ Շեների ու Ահմեթ Շըքի ազատ արձակումը ուժեղ ազդանշան է առ այն, որ Թուրքիայի խրոնիկ հիվանդ արդարադատության համակարգը ընդունում է իր ամենամեծ մեղքերից մեկը… Թուրքիայի ավելի ու ավելի քիչ ընկերների է հաջողվում ավելի ու ավելի թույլ փաստարկներով աջակցել մարդու իրավունքների ոլորտում Թուրքիայի քաղաքականությանը, հատկապես՝ հունիսի 12-ի (2011թ.) ընտրություններից ի վեր»:

Եվ ահա 2014-ի վերջին մենք այնտեղ ենք, որտեղ ենք՝ ֆիասկոյի վիճակում, երբ դատական համակարգը ծնկի է գալիս, իսկ արդարությունը՝ հօդս ցնդում:

Ինձ ընդհանուր առմամբ Թուրքիայի, հատկապես՝ նրա մամուլի հարցում վատատես են համարում, և ես խորապես ցավում եմ, որ ճիշտ եմ:

Մտածելակերպն ու պայմանները, որոնք տարիներ առաջ հանգեցրին լրագրողների ձերբակալությանը, չեն փոխվել: Իշխանությունն ընդամենը ամուր և պարբերական կերպով շարունակել է խեղդել լրագրությունը և ճնշել ազատ խոսքը:

Պարզապես զոհերի ցանկն է մեծացել: Այսօր ճնշման նոր խորհրդանիշներ են դարձել Էքրեմ Դումանլըն և Հիդայեթ Քարաջան՝ երկու հայտնի անուններ թուրքական մամուլի տիրույթում:

Նույնիսկ այսօր թուրք լրագրողները, որոնց մեծամասնությունը բևեռացված է, կանգնած են մեկը մյուսի կոկորդում՝ ճնշման արմատները գտնելու փոխարեն:

Երբ համակարգն ի վերջո ի դեմս լրագրության արմատախիլ անի ամեն լավ բան, միայն այն ժամանակ նրանք կգիտակցեն, թեև ուշ կլինի, որ արմատներն ու պատճառը հենց այն է, ինչ նրանք պաշտպանել են:

Մեկնաբանել