Որտեղից ուր հասանք․ արցախցի մտավորականները Բերձորի բռնության մասին

Բերձորում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների նկատմամբ հունվարի 31-ին կատարված բռնության վերաբերյալ ֆեյսբուքյան իրենց էջերում կարծիքներ են հայտնել արցախցի լրգարողներն ու հրապարակախոսները։

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը գրում է.

«Պատերազմի սպառնալիքի տակ ապրող արցախցուն տարիներ շարունակ ներշնչել են, որ նրա հիմնական դաշնակիցը ՀՀ իշխանություններն են։ Վաղուց ժամանակն է, որպեսզի արցախցին հասկանա՝ նրա հիմնական դաշնակիցը ՀՀ հանրությունն է։ Ու թե կորցրեց նրան, ապա կկորցնի ամեն ինչ»:

Բաղդասրայնը նաև գրել է. «Կատարվածը մեկ այլ թշվառ երես էլ ունի. արցախյան ազգային-ազատագրական շարժումը, որ հիմք դրեց համազգային զարթոնքին, նաև ժողովրդավարական պոռթկում էր ու մտքի սլացք, մտքի թռիչք։ Մենք նախևառաջ հաղթել ենք մտքով, համարձակ ու ստեղծագործ մտքով, լուսավոր գլուխներով, ազնիվ ու առաջադեմ գաղափարներով։ Ահավոր մետամորֆոզ եղավ հետո։ Այսօրվա մեր կռտված-ամորձատված միտքը, մեր աղաղակող գորշությունն ու գազոնային միջակությունը, մեր անգույն ու անգո անդիմությունը վախենում է ցանկացած մտքից։ Ու նախահարձակ է ցանկացած մտքի։ Որտեղից ուր հասանք…»:

Քարվաճառցի մտավորական Ալեքսանդր Քանանյանն էլ գրել է․

«Ուրեմն, այսօր Արցախում կատարվածը բացարձակ ու նողկալի անասունություն է։ Նորություն չէ, որ Արցախի ղեկավարության «ԱԱԾ֊ոստիկանություն» թևի ղեկավարությունը բաղկացած է կատարյալ դեգեներատներից։ Բայց այս անգամ նրանք՝ մարզի «նախագահ» կոչեցյալից սկսած անցել են հանդուրժելիության բոլոր սահմանները։ Ձեր արածը վիժվածքություն է՝ ադրբեջանասովետական կարոտախտով տառապող ինքնահավան տգետ «չուշկարության» դրսևորում։ Արցախաբնակ ՀՀ քաղաքացիների մեկուսացումը համահայաստանյան քաղաքականությունից, «անկախ պետություն» խաղալու խղճալի թատրոնը վաղուց դարձել է Հայաստանի ազգային անվտանգության դեմ ծայրագույն սպառնալիք։

Հա, մոռացա, չկարծեք, որ այս ձեր դեգեներատությունը ձեր համար անհետևանք կմնա։ Անցած տարի Բերձորում մարդկանց թույլ է տրվել փակել ճանապարհը Մինսկի Խմբի համանախագահների առջև։ Տասնամյակով ուշացված լավ քայլ էր։ Այսօր դուք, տհասներդ, ձեր ճղճիմ գործելաոճով ջրել եք այդ նախադեպն ամբողջովին։

Եվ մի բան էլ հավելեմ՝ Արցախի և Հայաստանի մնացած մարզերի միջև պայմանական վարչական գիծը «պետական սահման» դարձնողի ականջները (և ոչ միայն) վաղ թե ուշ կկտրվեն՝ ոչ «երանոսյանաբար»՝ շատ ավելի դաժան կերպով։

Ծնունդով Արցախից քաղաքագետ, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը գրում է․

«Պետք է հիմար լինել ավտոերթին նման ձև արձագանքելու համար, Բակո Սահակյանը հաստատ լրիվ խառնել է իրար: Արցախ մուտքն արգելված է միայն ադրբեջանական ու խաղաղապահ զորքերին, մնացածի համար այն բաց է:

Սա էլ անկախության ու առանձին լինելու միֆի արդյունքը, նախախորհրդարանը ամբողջ Հայաստանով հանգիստ երթ է անում, ու հանկարծ Արցախում դրա մեջ անհասկանալի պատճառներով վտանգ են տեսնում: Միասնական տարածքում տարբեր համակարգերի գործունեությունը նման արդյունքներ է տալիս:

Հ.Գ. Քննարկումն ինչ որ տարվում է ղարաբաղցի, հայաստանցի մակարդակ, իսկ դա իմ հաամար նույն խելքին լինելու նշաններ են: «Արցախի դեպքի վերաբերյալ Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի կամ այլ երկրների մեդիայի ասածները երկրորդական են, կարևորը մենք ինչ ենք ասում ու անում»։

***

Հունվարի 31-ին ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք Բերձորի մոտ հարձակվել են Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել մեքենաների ապակիները և դրոշները:

Մեկնաբանել