Լեյլա Յունուսի կալանքը երկարացվել է հինգ ամսով

Leyla YunusԲաքվի Նասիմինյան շրջանի դատարանը փետրվարի 18-ին ևս հինգ ամսով` մինչև հուլիսի 28-ը, երկարացրել է ադրբեջանցի իրավապաշտպան Լելյա Յունուսի կալանքը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական contact.az-ը, այս մասին տեղեկացրել է Յունուսի փաստաբանը:

Վերջինիս խոսքով` կալանքը երկարացնելու որևէ հիմք չի եղել, առավելևս, որ հետաքննչական գործողություններ չեն իրականացվում:

Մյուս կողմից` Լեյլա Յունուսի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Ընդ որում` արտասահմանցի բժիշկների մասնակցությամբ բուզննման արդյունքները Յունուսին դեռևս չեն ներկայացվել:

Լեյլա Յունուսը և նրա ամուսինը` կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսը, մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գործակցելու մեջ: Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Յունուսի դեմ մեղադրանքը հորինված է համարում: Յունուս ամուսիններին մեղադրանք էր առաջադրվել 2014թ. հուլիսի 30-ին: Մասնավորապես՝ «Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Թեոդոր Հեքերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Լեյլա Յունուսին առաջադրվել էր պետական դավաճանության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, խոշոր չափի խարդախության և ապօրինի գործարարությամբ զբաղվելու մեղադրանքներ:

Մեկնաբանել