ԼՂՀ-ում սկսվել է դիվերսանտների գործով վերաքննիչ դատավարությունը

13226 ԼՂՀ վերաքննիչ դատարան, փետրվարի 26, 2015թ.: Լուսանկարը՝ artsakhpress.am-ի:

Փետրվարի 26-ին Ստեփանակերտում` ԼՂՀ Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով վերաքննիչ դատական նիստը, տեղեկացնում է «Արցախպրես» գործակալությունը: Ասկերովի փաստաբանը նշել է, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ իր պաշտպանյալի մասով վճիռը ենթակա է մասնակի բեկանման, իսկ Գուլիևի փաստաբանն ասել, որ իր պաշտպանյալի մասով վճիռը պետք է ամբողջապես բեկանվի:

Դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ասկերովին և Գուլիևին դատապարտել էր համապատասխանաբար ցմահ և 22 տարի ազատազրկման:

Փետրվարի 26-ի նիստի ընթացքում ամբաստանյալները ներկայացնելով իրենց բողոքները նշել են, որ համաձայն չեն դատավճռի հետ, քանի որ, իրենց խոսքով, ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելիս չեն գիտակցել, որ այն անում են ապօրինաբար, լրտեսություն չեն կատարել և սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում։ Ասկերովն ասել է նաև, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ինքը կապ չի ունեցել: Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 10-ին:

***

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին փետրվարի 23-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և այլոց միջոցով միջնորդել էր ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտված «երկու բանտարկյալներին Ադրբեջանի կառավարությանը հանձնելու օգտին»:

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը փետրվարի 18-ին Երևանում անդրադառնալով դիվերսանտների հարցին, ասել էր, որ չնայած տեղի ունեցած «սոսկալի հանցագործությանը», ԱՄՆ-ը պատկան մարմիններին կոչ է անում «մարդասիրական քայլ անել»:

ԼՂՀ նախագահի խոսնակը հայտարարել էր, որ դատապարտվածները պետք է իրենց պատիժը կրեն Լեռնային Ղարաբաղում:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 25-ին ԱԺ-ում հերքել է լուրերն այն մասին, որ Երևան կատարած վերջին այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բարձրացրել են ադրբեջանցի դիվերսանտներին ներում շնորհելու մասին հարցը:

Ադրբեջանցի դիվերսանետներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը և Հասան Հասանովը Լեռնային Ղարաբաղի տարածք էին ներթափանցել 2014թ. հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն փորձի արդյունքում, որը կասեցվել էր: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Դիվերսանտները սպանել էին նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանին: Ադրբեջանի իշխանությունները հուլիսի 11-ին դիմել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտե` իրենց քաղաքացու գերի ընկնելու կապակցությամբ:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողության արդյունքում Հասան Հասանովը մահացել էր: Նրա դին ԼՂՀ իշխանությունները հոկտեմբերի 2-ին հանձնել են ադրբեջանական կողմին:

Մեկնաբանել