Արցախն ընտրություններից առաջ. նոր իրավիճակ

«Արցախում թաղային հեղինակություններ չկան, և նրանք չեն կարող ընտրատեղամասում դեր խաղալ»,- ասում է Գեղամ Բաղդասարյանը: «Արցախում թաղային հեղինակություններ չկան, և նրանք չեն կարող ընտրատեղամասում դեր խաղալ»,- ասում է Գեղամ Բաղդասարյանը:

Մայիսի 3-ին Արցախում խորհրդարանական ընտրություններ են: Ակնկալվում է, որ ընտրությունները, ի տարբերություն նախորդների, ընթանալու են մրցակցային պայմաններում: Արցախում քաղաքական իրավիճակի, նախընտրական տրամադրությունների և հնարավոր սցենարների շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի հետ:

– Մինչև այժմ հիմնականում հինգ ուժեր են ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրել: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ մրցակցություն կա ոչ միայն ընդդիմության և իշխանության, այլև իշխանական ուժերի միջև: Ինչո՞վ են տարբերվում այս ընտրությունները նախորդներից:

– Առաջին հերթին՝ նրանով, ինչի մասին Դուք նշեցիք՝ մրցակցության հիմունքներով՝ ի տարբերություն 5-րդ գումարման ԱԺ ընտրությունների, որտեղ ընդդմիություն չկար, ընդդիմությունը չէր մասնակցում: Շատ ավելի կարևոր հանգամանք կա այս անգամ. հայկական երկրորդ պետության 6-րդ գումարման Ազգային ժողովը լինելու է պրոֆեսիոնալ, սա շատ լուրջ փաստ է: Մինչ այժմ խորհրդարանում 33 պատգամավորների միայն մի մասն էր մասնակցում մշտական հանձնաժողովների աշխատանքին՝ վճարովի հիմունքով, իսկ մյուս մասը զրկված էր այդ հնարավորությունից, այսինքն՝ պատգամավորը չէր կարող զբաղվել իր հիմնական աշխատանքով, եթե ընդգրկված չէր մշտական հանձնաժողովում կամ ԱԺ-ի ղեկավար կազմում: Իսկ այս անգամ խորհրդարանը լինելու է պրոֆեսիոնալ, վարձրատրվելու են բոլոր պատգամավորները, ինչը նրանց՝ անկախ լինելու որոշակի ռեսուրս է: Պատգամավորների՝ մշտական հիմունքով աշխատանքը և նրանց որոշակի անկախ լինելը ապահովում է նաև խորհրդարանի՝ որպես քաղաքական մարմնի գործառույթը, քանի որ մինչ այս Արցախի ԱԺ-ն իրականացրել է միայն օրինաստեղծ գործունեություն, ինչը տարիների տխուր ավանդույթ է: Օրինակ՝ Բերձորի վերջին դեպքերին խորհրդարանն ընդհանրապես չարձագանքեց՝ փաստելով իր ոչ քաղաքական մարմին լինելը:

Եվ ի վերջո, խորհրդարանն իրականացնում է կառավարության վերահսկողությունը, ինչի մասին Արցախի ԱԺ-ն վաղուց մոռացել է: Այս անգամ թերևս դա էլ կլինի:

– Այս անգամ ընտրությունների ամենահետաքրիքր իրողություններից մեկը թերևս «Ազգային վերածնունդ» կուսակցության մասնակցությունն է, և այն, որ նրան աջակցելու է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Ինչպե՞ս կարող է վերջինիս աջակցությունն ազդել կուսակցության վարկանիշի վրա՝ հաշվի առնելով, որ Բաբայանը հակասական կերպար է, նրան հիշում են և՛ լավ, և՛ վատ առումներով:

– Իմ տպավորությամբ՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը արցախյան քաղաքական դաշտի վերջին տարիների միակ լուսավոր կետն է: Անկախ այս ընտրությունների արդյունքներից՝ այս կուսակցությունը վերջին երկու տարիներին՝ նրա նախագահ Հայկ Խանումյանի գլխավորությամբ, Արցախի քաղաքական կյանքին մասնակցության բավական լուրջ հայտ ներկայացրեց՝ իրենից ներկայացնելով որպես այլընտրանք: Այստեղ հավաքված են շնորհալի, ազնիվ, հայրենասեր երիտասարդներ, որոնք ինքնին այլընտրանք են, և ամենահրատապ հարցերի շուրջ հանդես էին գալիս անկաշառ, սկզբունքային դիրքորոշմամբ : Այս ընտրությունները կուսակցության առաջին լուրջ փորձությունն է լինելու, և երիտասարդների այս խմբից մեծ ակնկալիքներ կան: Արցախյան հասարակության այն շերտը, որը դեռևս հույս ու ակնկալիք ունի, որ երկրում որևէ բան կփոխվի, կքվեարկի այս կուսակցության օգտին: Այսինքն՝ բողոքական հատվածի զգալի մասը, եթե ոչ լրիվ, պետք է որ համակրանք ունենա այս կուսակցության նկատմամբ՝ անկախ որևէ կոնկրետ անձի ազդեցությունից: Այսինքն՝ սա կուսակցական այն կապիտալն է, որը մոտ երկու տարում այս երիտասարդները կարողացել են կուտակել իրենց կուսակցական խելամիտ քաղաքականության արդյունքում, իրենց «Վերածնունդ» թերթով, որը արցախյան խղճուկ տեղեկատվական դաշտում ուղղակի երևույթ էր:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, նա շատ լուրջ ռեսուրս է ոչ միայն այս կուսակցության, այլև քաղաքական ցանկացած ուժի համար: Բնականաբար նախկին հրամանատարի նկատմամբ Արցախում վերաբերմունքը միանշանակ չէ, նա ունի համախոհներ, ունի իրեն սուր կամ մասնակի քննադատողներ: Այնուամենայնիվ ես նկատում եմ այն միտումը, որ ինչքան հեռանում ենք այն ժամանակներից, նոր մարդկանց, նոր ղեկավարների հետ ենք շփվում, այնքան Սամվել Բաբայանի նկատմամբ վերաբերմունքը թեքվում է դեպի դրական: Պարզ համեմատությունը շատ հարցերում, շատ ոլորտներում ցույց է տալիս, որ Սամվել Բաբայանը ուներ երկրի ապագայի որոշակի տեսլական, ինքը կապված էր այս հողի ու ջրի հետ՝ ի տարբերություն մի շարք կուսակցական ու պետական ֆունկցիոներների, որոնք պարզապես սեզոնային աշխատանքի են Արցախում, և բացի օրվա անձնական աշխատանքից՝ չունեն որևէ տեսլական, ընդ որում՝ ոչ միայն հեռվի, այլև օրվա: Ավելին՝ Բաբայանի ներկայությամբ անվտանգության համակարգը շատ ավելի հուսալի էր, քան առանց նրա: Եվ ի վերջո, կա զգալի հատված՝ բանակում և բանակին մոտ կանգնած, որոնց դիտարկմամբ անվտանգության հարցում Բաբայանը շահում է իր նախորդների համեմատ: Բայց փաստը մնում է փաստ՝ Բաբայանի նկատմամբ վերաբերմունքը հակասական է, ընդունված է ասել, որ նա արել է մեծ ու լավ գործեր, սակայն թույլ է տվել մեծ սխալներ: Արցախյան հանրության համար սա շատ հետաքրքիր փորձություն է նաև զուտ հոգեբանական առումով, քանի որ մենք սովոր ենք եղել ամեն ինչ ընկալել սև ու սպիտակի տիրույթում, մինչդեռ հիմա ժամանակն է եկել ամեն բան համեմատելու ՝ սև ու սպիտակը կոնկրետ մարդու, կոնկրետ կուսակցության մակարդակով: Բայց կրկնեմ՝ Բաբայանը լուրջ ռեսուրս է, առաջին հերթին՝ մարդկային առումով, համախոհների, եթե նրանք աջակցեն այս կուսակցությունը, իսկ այս մասին հայտարարվել է, այդ պարագայում այս կուսակցությունը համախոհների լուրջ զանգված ձեռք կբերի: Սա արցախյան հանրության շրջանում և քաղաքական դաշտում այժմ խոսակցության լուրջ թեմա է: Քաղաքական գործիչներից մեկը հայտարարեց՝ Բաբայանի հետ խոսել է, և վերջինս հերքել է, թե գալիս է գլխավորելու Արցախի ընդդիմությունը: Եվ այդպես էլ կա, քանի որ այդպես չի հայտարարվել: Պարզապես ասվել է, որ Բաբայանը գալիս է աջակցելու քաղաքական մի ուժի, որից արցախյան հանրությունը լուրջ ակնկալիքներ ունի:

– Արցախում այն ֆենոմենը կա, որ մարդիկ՝ գրեթե բոլորը, իրար ճանաչում են: 150 հազ. բնակիչ, որտեղ անտագոնիզմը չի կարող սրվել այն աստիճանի, ինչքան, որ դա եղավ Հայաստանում, և դա չի կարող չազդել ընտրությունների վրա: Որքանո՞վ են անձնական, ընտանեկան, ընկերական հարաբերությունները դրսևորվում քաղաքական հարթությունում, և որքանո՞վ է Արցախը տարբերվում Հայաստանից. արդյո՞ք ընտրակեղծարարության նույն մեխանիզմները կարող են գործել Արցախում, թե՞ կա տարբերություն:

– Անձնական կապերը՝ փոքր հասարակության սինդրոմը, ունի և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն ընտրական գործընթացների վրա: Դրականն այն է, որ բոլորը բոլորին գիտեն, և թաքցնել ինչ-որ գործարք, պայմանավորվածություն պարզապես հնարավոր չէ: Արցախում կա իրազեկվածության շատ բարձր մակարդակ: Մարդիկ գիտեն՝ ով ով է, և որքան էլ այս կամ այն ուժը խոսի որևէ մի կեցվածքով, մարդիկ շատ լավ գիտեն նրա՝ իշխանության կամ իշխանության որևէ օղակի հետ կապված լինելը:

Այս պարագայում ես կարող եմ ցավով խոսել մեկ ուժի՝«Շարժում 88» կուսակցության մասին, որի անդամ եմ եղել, փոխնախագահը, որի ընդդիմադիր կեցվածքով անդամները նախորդ ընտրությունների ժամանակ հեռացան, իսկ մնացած մասը, որ կողմ էր իշխանության հետ գործարքին, գնաց այդ գործարքին՝ ընտրելով ինքնաոչնչացման ճանապարհը: Հեռացավ քաղաքական դաշտից՝ երբեմն ցույց տալով կենդանության նշաններ: Ըստ իս՝ այս անգամ արտախորհրդարանական ուժերից այս կուսակցությունն է նաև, որ փորձելու է բողոքական դաշտում գործել:

Ինչ վերաբերում է հայաստանյան և ղարաբաղյան իրողությունների տարբերությանը, ես միշտ առիթ եմ ունեցել ասելու, որ Արցախում ընտրությունները եղել են ազատ, բայց ոչ արդար: Ազատ, քանի որ կամարտահայտության բոլոր անհրաժեշտ պայմանները կան, Արցախում թաղային հեղինակություններ չկան, և նրանք չեն կարող Արցախում ընտրատեղամասում դեր խաղալ, չկա մարդկանց ֆիզիկական սպառնալիքների գործոն՝ չնչին բացառություններով:

Սակայն կա մեկ հրեշ, որի դեմ պայքարել ուղղակի անհնար է, և որի դեմ հակաթույնը դեռ չի գտնվել. դա վարչական ռեսուրսն է, որը Արցախի պայմաններում ուղղակի հրեշավոր սահմաններում է: Արցախում չկա երրորդ խավ, մասնավոր հատվածը շատ վատ է կայացել, բնակչության մեծ մասը պետական սեկտորում է, և այս մարդիկ մշտապես շահագրգռված են իրենց աշխատանքը պահպանելու: Սա է հիմնական խնդիրը:

– Ընտրությունների վերահսկման ինստիտուտներ՝ քաղաքացիական հանրություն, դիտորդներ, կազմակերպություններ,- որքանո՞վ դրանք գոյություն ունեն և որքանո՞վ կարող են արդյունավետ լինել այս ընտրությունների ժամանակ:

– Մենք չենք կարող այդ մասին խոսել կառուցակարգային առումով, քանի որ այդ առումով բավականին լուրջ խնդիրներ կան. Արցախում որևէ ոլորտ դասական առումով կայացած չէ, կայացած չէ նաև քաղաքացիական հասարակությունը, կան այդ ամենի տարրերը:

Դրական հանգամանք է օրենսդրական բավարար դաշտը, այսինքն՝ օրենքը այս բոլոր հարցերը քաղաքակիրթ, օրինական ձևով կարգավորելու բավարար հիմքեր և հնարավորություններ է տալիս: Կան բոլոր հնարավորությունները ընտրությունները վերահսկելու համար, այլ հարց է՝ քաղաքական ուժերն արդյո՞ք ունեն բավարար ռեսուրս դա անելու համար, բոլոր ընտրատեղամասերում դիտորդներ ունենալու համար, թե՞ ոչ:

Մեկ այլ կարևոր հանգամանք  կա, որը վճռորոշ է, և որով Արցախի ընտրությունները տարբերվում են Հայաստանի ընտրություններից. այս միամսյա քարոզչության ժամանակ քաղաքական բոլոր ուժերը հավասար հնարավորություններ են ունենում՝ թե՛ վճարովի, թե՛ անվճար եթերի առումով: Բայց կա մեկ բայց. սա լինում է հինգ տարին մեկ անգամ, մնացած ժամանակ կան անհավասար հնարավորություններ : Ես հինգ տարի եղել եմ պատգամավոր, սակայն մեկ անգամ հնարավորություն չեմ ունեցել եթերով հանդես գալ Արցախի հանրային հեռուստատեսությամբ, որը բաց է միայն իշխանության համար: Սա խիստ բացասական երևույթ է: Ի վերջո՝ քաղաքականությունը մեկ ամսվա համար չէ, մշտական երևույթ է: Սակայն սա մեկանգամյա կազդուրիչ պրոցես է մարդկանց համար, որոնք հնարավորություն են ստանում լսել քաղաքական ուժերին, որոնք կարող են խոսել ամեն ինչի մասին, ինչի հնարավորությունը չի եղել 4 տարի 11 ամիս: Սա շատ բան է փոխում մարդկանց տրամադրություններում:

– Խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների նախերգանքն են: Որոշակի ստուգատես է, երբ այն քաղաքական ուժը, որ շատ ձայն է ստանում, նա էլ հետագայում հավակնում է նախագահի ինստիտուտին: Սակայն մարտի սկզբին Արցախի վարչապետը հայտարարեց, որ Արցախում ևս դիտարկվում են սահմանադրական բարեփոխումներն ու կառավարման խոհրդարանական համակարգին անցնելու տարբերակը: Ի՞նչ եք կարծում, եթե Հայաստանում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն, որքանո՞վ դա կազդի Արցախի ներքաղաքական կյանքի վրա: Իսկ եթե Սահմանդրությունը չփոխվի, ովքե՞ր են երկու տարի հետո հավակնելու նախագահի ինստիտուտին Արցախում:

-Արցախում սահմանադրական փոփոխությունների մասին խոսվում է մոտ կես տարի, և դա ինչ-որ չափով առնչվում է հայաստանյան իրողություններին: Մյուս կողմից՝ կան արցախյան տեղական առանձնահատկություններ, խնդիրներ, մտահոգություններ Արցախի իշխանության և իշխանական շրջանակների, որոնք անմիջականորեն չեն առնչվում Հայաստանի իշխանություններին: Ինձ դուր չի գալիս մեկ հանգամանք, որ այս փոփոխությունները չեն դիտարկվում ազգային-պետական շահերի տեսակետից: Այս մասին միանշանակ խոսվում է կոնկրետ մարդկանց շահերից, իշխանության կոնկրետ շրջանակի կողմից, այս մարդիկ մտահոգված են իրենց ապագայով և փորձում են իրենց հաշվարկներն անել այս ճանապարհով:

Չեմ կարծում, որ այսօրվա խնդիրների էությունը կառավարման համակարգն է, քանի որ շատ ավելի լուրջ խնդիրներ, չարիքներ կան, որ կարելի է ցանկացած մոդելի պարագայում լուծել: Օրինակ՝ պետական պաշտոնյայի ձեռնարկատիրական գործունեությունը ամենաահավոր հարվածն է հասցնում Արցախին և պարզապես ջնջում է Արցախի ապագան: Մարդիկ խոսում են խորհդարանական կառավարման համակարգի մասին, և լսում ես նրանց հիմնավորումներն ու մտահոգությունները, հասկանում ես, որ դրանք ոչ մի կապ չունեն երկրի ապագայի հետ: Դրանք իշխանության՝ վաղվա իր օրվա մտահոգությունն է, որը կապ չունի հանրության մտահոգության հետ:

Ինչ կլինի Արցախում խորհդարանական ընտրություններից հետո՝ դասական մոդելներով խոսել ճիշտ չէ, քանի որ Արցախում ամեն բան շատ անձնավորված է, և չի կարելի բացառել, որ մի կես տարի հետո տառացիորեն բոլորովին այլ վիճակ լինի, խոսվի միանգամայն այլ թեկնածուների, այլ հաշվարկների մասին: Արցախի պարագայում դժվար է տևական մակարդակով քաղաքական վերլուծություն անել: Ամեն ինչ շատ արագ է փոխվում:

Զրուցել է Կարեն Հարությունյանը