Չինաստանը Հայաստանին մոտ $25.3 մլն վարկ կտրամադրի՝ յուանով

a948509b70ba61bb723fd8e04371e0fbՉինաստանը 25.3 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին: Հայաստանի կառավարությունը մարտի 19-ի նիստին հավանություն է տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև 2015-2018 թթ. Չինաստանի կողմից Հայաստանին արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, համաձայնագրով Չինաստանի կառավարությունը սկզբունքորեն համաձայնում է Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջոցով ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության, տրամադրել արտոնյալ պայմաններով վարկեր: Նախատեսվում է ստորագրել «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր» արտոնյալ պայմաններով մոտ 155.5 մլն չինական յուան (մոտ 25.3 մլն դոլար) արժողությամբ վարկային համաձայնագիրը, ըստ որի` վարկի արժույթը լինելու է չինական յուանը, մարման ժամկետը՝ 20 տարի, որից 5-ը՝ արտոնյալ: Հաջորդ որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ ներմուծման-արտահանման բանկի միջև կնքվելիք վարկային համաձայնագրի նախագծին:

Նիստին հավանություն է տրվել նաև ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: 1999-ից Չինաստանի կառավարությունն անհատույց օգնություն է տրամադրում Հայաստանի կառավարությանը: Այս անգամ ցուցաբերվելու է 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն՝ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի կառուցման նպատակով:

Մեկնաբանել