Ապրիլի 19-26-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ Նևադայում

HendersonMontageԱպրիլի 19-26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ: Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, համապատասխան հռչակագիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ստորագրել է Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը: Նույնաբովանդակ հռչակագրով է հանդես եկել նաև Նևադայի փոխնահանգապետ, նահանգային սենատի նախագահ Մարկ Հաթչիսոնը:

Երկու հռչակագրերում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները և Թուրքիային ստիպել ճանաչել պատմական փաստերը:

«Հայերի ծրագրված սպանությունը և տեղահանությունը, որ տեղի են ունեցել 1915-1923 թթ., խլել են 1.5 մլն մարդու կյանք, տեղահանվել են ավելի քան 500 հազ. հայեր: Շատերը հաստատվել են ԱՄՆ-ում, և այսօր Նևադայում է ապրում աճող և ակտիվ հայ համայնք, որը ծայրահեղ անարդարությունից հետո գոյատևելու և վերապրելու վառ օրինակ է»,- ասված է Նևադայի նահանգապետի հռչակագրում:

Իբրև Նևադայի նահանգապետի տեղակալ և նահանգային սենատի նախագահ` Մարկ Հաթչիսոնն իր հերթին Նևադայի բնակիչներին կոչ է արել բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկումը և մասնակցել անմեղ զոհերի հիշատակի միջոցառումներին:

Մեկնաբանել