Հիլարի Քլինթոնը կրկին կպայքարի նախագահի աթոռի համար

HilaryԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցության երևելի գործիչ, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր է Դեմոկրատական կուսակցությունից մասնակցել 2016թ. ԱՄՆ նախագահական մրցավազքին: Այս մասին նա հայտարարել է իր նախընտրական շտաբի կայքում հրապարակված տեսանյութում:

«Ամերիկացիներին ամեն օր հարկավոր է մեկը, ով կպաշտպանի իրենց շահերը: Ես ցանկանում եմ լինել այդ մեկը»,- ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Քլինթոնը:

Ավելի վաղ Հիլարի Քլինթոնի պլանների մասին պատմել էր նրա քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստան: Վերջինիս խոսքով՝ ապրիլի 13-ին Հիլարի Քլինթոնը կսկսի երկրով մեկ իր շրջագայությունը՝ ընտրողների հետ հանդիպելու և շփվելու համար:

2008թ. Հիլարի Քլինթոնը պարտվել էր ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամային Դեմոկրատական կուսակցությունից որպես թեկնածու առաջադրվելու մրցապայքարում: Ներկայում, քաղաքագետների գնահատմամբ, դեմոկրատների շարքում Քլինթոնը լուրջ մրցակիցներ չունի:

Բարաք Օբաման հայտարարել է, որ սատարում է Դեմոկրատական կուսակցությունից Քլինթոնի առաջադրմանը: Նրա խոսքով՝ Քլինթոնը կլինի «հրաշալի նախագահ». նա ունի հստակ պատկերացում այն մասին, թե ինչ է ցանկանում անել Միացյալ Նահանգների համար:

«Նա լուրջ թեկնածու էր 2008թ.: Նա իմ ամենալավ աջակիցն էր համընդհանուր ընտրություններում: Նա արտակարգ պետքարտուղար էր, նա իմ ընկերն է»,- ABCNews-ը մեջբերում է Պանամայում մամուլի ասուլիսին Օբամայի արած հայտարարությունը:

ԱՄՆ նախագահի 58-րդ ընտրությունները նախատեսված են 2016թ. նոյեմբերի 8-ին: Մրցավազքին մասնակցելու իր մտադրության մասին առաջինը հայտարարել է Տեխասից սենատոր, հանրապետական Թեդ Կրուզը: Հաղթանակի դեպքում Հիլարի Քլինթոնը կդառնա ԱՄՆ առաջին կին նախագահը:

Մեկնաբանել