Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը մնաց անփոփոխ

IMG_20150505_165255ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը մայիսի 5-ին չբավարարեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքները, որոնցով պահանջվում էր խստացնել նրա պատիժը` անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: Վերջինով նա դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման:

ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ` տուժող կողմը դժգոհ մնաց վերաքննիչ դատարանի որոշումից: Տուժող Արթուր Հակոբյանը և նրա կինը` Նաիրա Հայրապետյանը, որոշումը համարեցին անարդար` նշելով, որ դիմելու են վճռաբեկ դատարան: Նրանք շարունակեցին պնդել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ոչ սթափ վիճակում, և դեռ կան հանգամանքներ, որոնք իրենք պետք է հրապարակեն:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին ասաց, որ եթե անգամ տուժող կողմը դիմի վճռաբեկ դատարան, վերջինս պետք է այդ բողոքները վարույթ չընդունի, քանի որ բողոքում քննարկվող հանգամանքների վերաբերյալ որոշում կայացնելը վճռաբեկի լիազորություններից դուրս է: Խոսելով դերասանի հնարավոր ազատ արձակման մասին` Բաղդասարյանն ասաց, որ եթե նույնիսկ համաներում չկիրառվի, ապա այն պահից, երբ վճռաբեկ դատարանը կորոշի վարույթ չընդունել բողոքները, առաջին ատյանի վճիռը կմտնի օրինական ուժի մեջ, և Վարդան Պետրոսյանի նկատմամբ կկիրառվի պատժի բաց ռեժիմ: Դա նշանակում է, որ նա առավոտյան ութից մինչև երեկոյան ութը կլինի ազատության մեջ և միայն երեկոյան պետք է ներկայանա ու մնա կալանայվայրի բաց տարածքում:

***

Դերասան Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

Հունվարի 29-ին դատավոր Վաղինակ Մկրտչյանը Վարդան Պետրոսյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման և երկու տարով զրկվեց տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, իսկ տուժող կողմի քաղաքացիական հայցը, որով նրանք դերասանից պահանջում էին ավելի քան 12 մլն. դրամի փոխհատուցում (որից 10 մլն 165 հազ. 213 դրամը` տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման, ինչպես նաև առողջության վերջնական վերականգնման, նաև երկու տարվա ընթացքում նրա տրանսպորտային միջոցների ծախսի հատուցման ու փաստաբանական ծառայությունների համար), թողնվեց առանց քննության։

Վերաքննիչ ներկայացված բողոքով դատախազ Արթուր Սարգսյանը պահանջում էր պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` հունվարի 29-ին կայացրած դատավճիռը, և Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ: Իսկ տուժող կողմը պահանջում էր Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով, նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:

Մեկնաբանել