ՍիվիլՆեթը հուլիսի 1–ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շարունակվող ցույցը ներկայացնում է հակադարձ ժամանակագրությամբ: Ցույցերը կարող եք դիտել նաև ՈՒՂԻՂ հեռարձակմամբ:
22:28
Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ: Ահա մի հատված այդ հայտարարությունից
18:37
«Երևան ջուր» ընկերությունը հունիսի 29-ին գրությամբ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանին: Համաձայն այդ գրության` «Երևան ջուր» ընկերության կառավարումը ստանձնած «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել «չպնդել սակագնի ավելացումը և առաջարկում է այն թողնել անփոփոխ»: Այս մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ կայքից:
Նյութը ամբողջությամբ՝ այստեղ:
16:20
Հայաստանի էլեկտրաէներգետիկ սեկտորում առկա բարդ իրավիճակն ունի բացառապես տնտեսական, այլ ոչ թե քաղաքական պատճառներ: Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանն ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության 100-տոկոսանոց սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը:
«Հայաստանում էլեկտրաէներգետիկ ոլորտում առկա իրավիճակը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այստեղ որևէ քաղաքականություն չկա»,- ասել է Կովալչուկը:
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի խորհրդի նախագահը հայտարարել է, որ ՀԷՑ-ի վնասները Հայաստանում գործող կարգավորման համակարգի արդյունք են:
«ՀԷՑ-ի երկարամյա վնասների առաջացումը պայմանավորված է Հայաստանում սակագների գործող կարգավորման համակարգով և էլեկտրաէներգետիկայի շուկայի գործունեության կանոններով»,- ասել է նա:
Կովալչուկի խոսքով` կարգավորման համակարգը ենթադրում է արտադրող կայանների ֆինանսավորում` ՀԷՑ-ի հաշվին, ինչպես նաև ստիպում է ընկերությանը գնել ավելի թանկ էլեկտրաէներգիա, քան դա նախատեսված է Հայաստանի հաստատված էներգետիկ բալանսով` առանց սպառողների կողմից փոխհատուցման:
Նա հավելել է, որ 11 տարվա ընթացքում սակագների ոչ բավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաև Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը հանգեցրել է այն բանին, որ երկրի բաշխիչ ցանցերի համալիրը չի ստացել 37 մլրդ դրամի եկամուտ:
«Սա էլ հենց դարձել է ֆինանսական բարդ իրավիճակի հիմնական պատճառը»,- ասել է Կովալչուկը:
Նա նշել է, որ նախկինում ընկերությանը հաջողվում էր դրամարկղի ճեղքերը փակել փոխառությունների հաշվին, սակայն հետագա փոխառությունների համար հնարավորություններն այսօր սպառված են:
«Հաշվի առնելով դրամային միջոցների անբավարարությունը` 2014թ. սկզբից ՀԷՑ-ը, չունենալով մատակարարվող էլեկտրաէնեգիայի դիմաց արտադրող կայաններին ժամանակին վճարելու հնարավորություն, գործում է ֆինանսական կայունության սահմանագծին»,- ասել է Կովալչուկը:
Նա հայտարարել է, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ողջունում է ՀԷՑ-ում աուդիտի անցկացման գաղափարը: «Վստահ եմ, որ այդ աուդիտի արդյունքում կարվեն եզրահանգումներ, որոնք կհաստատեն ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»,- ասել է Կովալչուկը:
11:30
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 30-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ դա ներհայաստանյան խնդիր է, իսկ քննարկումն իրականացվել է երկկողմ հարաբերությունների շուրջ: Ռուսական «Ռիա նովոստի» գործակալության հաղորդմամբ` այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո´չ: Այսպես ասենք` էլեկտրաէներգիայի սակագինը ներհայաստանյան հարց է, որը, անկասկած, չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է նա լրագրողներին` հավելելով. «Հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունները»:
Պուտինը հունիսի 30-ին հեռախոսազրույց էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ և շնորհավորել էր ծննադյան օրվա առթիվ: Ինչպես հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների նախագահները «մտքեր են փոխանակել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վերաբերյալ»:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` հեռախոսազրույցի ընթացքում Սարգսյանն ու Պուտինն «անդրադարձել են նաև ռազմավարական դաշնակից պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին»:
Ամփոփ
Հունիսի 27-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ համոզված է՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: «Ուստի, մինչև [ՀԷՑ-ում աուդիտի] եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»:
Հունիսի 28-ի երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ անելով երթով շարժվել Ազատության հրապարակ և այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»: Ցուցարարների շատ քիչ մասը հետևեց կոչին, իսկ մեծ մասը բողոքը շարունակեց Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը հայտարարեց, որ միջոցներ ձեռք կառնի` ցրելու Բաղրամյան պողոտայում մնացողներին, սակայն որևէ գործողության չդիմեց:
Հունիսի 29-ին Բաղրամյան պողոտայում շարունակվեց քաղաքացիների բողոքի ակցիան, սակայն նախորդ օրերի համեմատ` մարդկանց թիվն ավելի փոքր էր: Զուգահեռ Ազատության հրապարակում մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ տեղի էր «Ոչ թալանին» նախաձեռնության ակցիան, որի ընթացքում հայտարարվեց, որ նախաձեռնությունը դադարեցնում է Ազատության հրապարակում հայտարարված նստացույցը:
Հունիսի 30-ին «Ոչ թալանին»-ը մամուլի ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ «համակարգող խմբով գնալու են Բաղրամյան, կանգնելու են ժողովրդի կողքին, փորձելու են միասին լուծումներ գտնել»: Նախաձեռնության անդամները նշեցին նաև, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իրենց չի բավարարել, և իրենց ոչ մի պահանջ լիարժեք չի կատարվել, ուստի շարունակելու են պայքարը` թե´ փողոցում, թե´ իրավական հարթության մեջ: Ասուլիսի ավարտից հետո «Ոչ թալանին»-ը վերադարձավ Բաղրամյան պողոտա, բայց ոչ որպես շարժումը համակարգող խումբ:
***
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:
Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը մեկնարկեցին հունիսի 19-ին՝ Ազատության հրապարակում: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:
ՍիվիլՆեթը տեքստային ուղիղ ռեժիմով լուսաբանել է զարգացումները հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին:
Էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով ՍիվիլՆեթի բոլոր նյութերը հասանելի են #ElectricYerevan հատուկ բաժնում: