Վաշինգտոնը կօգնի Ղարաբաղում զինադադարի պահպանմանը

karabakhՄիացյալ Նահանգները հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության շրջանում խաղաղության պահպանման մեջ և պատրաստ է աջակցել՝ համապատասխան կանխարգելման մեխանիզմների ներդրմամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում անցած հանդիպումներից հետո «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին ասել է, որ Միացյալ Նահանգների պաշտպանական և արտաքին քաղաքականության գերատեսչություններում անցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի պահպանման միջոցների ուժեղացումը.

«Բանակցությունների ընթացքում՝ թե՛ Պենտագոնում և թե՛ Պետքարտուղարությունում կա համատեղ կարծիք, որ անհրաժեշտ է ուժեղացնել բոլոր միջոցները, որոնք կարող են լինել կանխարգելիչ` իրավիճակի ռազմական ուղով տանելու տեսանկյունից»:

Կանխարգելման հնարավոր միջոցների թվում Դավիթ Տոնոյանը նշել է միջազգային դիտորդներին սահմանային միջադեպերի հետաքննություն իրականացնելու մանդատի շնորհումը, ինչը թույլ կտա կանխել զինադադարի խախտումները, պատժել մեղավորներին և միգուցե նաև կողմերի միջև վստահության մթնոլորտ ձևավորել: Մեկ այլ մեխանիզմ է հանդիսանում զորքերի շփման գծում միջազգային դիտորդների հովանու տակ հսկող և դետեկտորային համակարգերի տեղադրումը, ինչը հնարավորություն կտա հասցեագրել զինադադարի յուրաքանչյուր դեպք.

«Դա շատ լուրջ կանխարգելիչ միջոց է, շատ լուրջ, ինչ-որ մի բան անելուց առաջ կմտածեն, անեն, թե չանեն»:

Անդրադառնալով Վաշինգտոնում քննարկվող մյուս հարցերին, փոխնախարարը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանը համագործակցելու է պաշտպանության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու և հայ խաղաղարարների աշխատանքն ապահովելու ոլորտներում: Ներկայում հայ զինվորները խաղաղություն են պահպանում Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում, իսկ շուտով կարող են մեկնել նաև Մալի:

«Ե′վ Պետքարտուղարությունում, և՛ Պենտագոնում շատ բարձր են գնահատում մեր խաղաղապահների որակները»,- ընդգծել է փոխնախարարը:

Հայաստանը նաև է հայտնել է ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններ իրականացնող մասնագիտացված ուժեր տրամադրելու մասին պատրաստակամություն:

«Դա մեր տեղակայելի դաշտային հոսպիտալն է իր անձնակազմով, դա ինժեներական կարողություններն են, ականազերծողներն են»:

Անդրադառնալով հայ-ամերիկյան համագործակցությանը ռազմական ոլորտում և հայ-ռուսական սերտ հարաբերություններին` պաշտպանության փոխնախարարն ընդգծել է, որ այդ հարցում որևէ հակասություն չկա, և որ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության բաղադրամասերից մեկն է.

«Ամերիկայի հետ համագործակցությունը փոխլրացնում է հայ-ռուսական համագործակցությունը ի շահ Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդմանը»:

Մեկնաբանել