Անինքնիշխան Իշխանը

ishkhan zakaryanԻշխան Զաքարյանը դարձել է Միքայել Մինասյանի նման անմեկնելի մեկը: Վաղուց ձայնը չենք լսում, իսկ ինքը մեկնել է Ապարանի կողմերն ու լուսանկարվում է ինչ-որ խաչի հանգույն: Խաչը դեռ մի կերպ կներենք նրան: Բայց այս նախկին երիտասարդը, եթե հիշողությունս չի դավաճանում, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահն է: Այսինքն, Գագիկ Հարությունյանի նման մի բան: Այսինքն, Մարդու իրավունքների պաշտպանի նման մի բան: Այսինքն, դատավորի նման մի բան: Եթե լավ քրքրենք, նաև՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի նման մի բան: Չի խոստովանեցնում, իհարկե, բայց լավ թափ է տալիս պետական պաշտոնյաների «հոգիները»: Պիտի որ լավ թափ տար: Ի պաշտոնե, միայն ի պաշտոնե:

Եվ ի պաշտոնե այդ մարդը կարող էր նկարվել միայն տերտերների հետ, որովհետև հոգևորականությունը նրա ի պաշտոնե «հետաքրքրությունների» շրջանակում չկա: Իսկ Ապարանի կողմերում արված լուսանկարում նա լայն ժպիտով կանգնած է մարդկանց կողքին, որոնք նրանից պակաս ուրախ չեն: Իսկ մենք վաղուց չգիտենք, թե ով ինչ հանցանքի մեջ է մեղադրվում, ով քանի մետր «կաբել» է կերել կամ կանացի միջադիրի անվան տակ ինչ ավտոմեքենաներ կամ շինանյութեր են տակովն արել: Մենք՝ այս պետության իրական «սպառողներս», իշխանության «նաղդ» հանցանքների մասին ոչինչ չգիտենք, բացի նրանից, որ Իշխան Զաքարյանը լայն ժպիտ ունի: Հիմա ո՞վ կասի՝ Զաքարյանն ի՞նչ գործ ուներ Ապարանի կողմերը: Երևի՝ ես կասեմ: Որովհետև և՛ Աղվան Հովսեփյանը, և՛ Իշխան Զաքարյանը բիզնես ունեն: Խաչի «տիրոջ» բիզնեսի մասին մեկ այլ առիթով:

Իշխան Զաքարյանը Ծաղկաձորում, եթե չեմ սխալվում, մի ամբողջ մարզաբազա ունի, մեկ անգամ ինքնս եմ տեսել, թե ինչպես էր խեղճուկրակ հավաքարարին հրահանգում լավ մաքրել ապակիները: Բայց ժպիտի պատճառն, իհարկե, հատկապես բիզնեսը չէ: Նաև այն է, որ նրա վրայից հանել են վատամարդ դառնալու «առաքելությունը»: Հիշու՞մ եք՝ երկու տարի առաջ այս մարդն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ հանրապետական չինովնիկները պետությանը հասցրել են 700 միլիոն դոլարի վնաս: Սերժ Սարգսյանը նրան կանչեց իր մոտ և հրապարակավ ասաց՝ Իշխան, դու սասանում ես մեր սյուները: Եվ վերջ: Իշխան Զաքարյանը մտավ ընդհատակ: Ընդ որում, համ անվտանգության ծառայություն ունի, համ բիզնես ունի, համ էլ բյուջեից աշխատավարձ է ստանում: Իսկ մարդամեջ դուրս է գալիս ժպիտը ցույց տալու համար: Երկու տարվա ընթացքում ԱԺ ամբիոնին այլևս մոտ չեկավ: Հասկանու՞մ եք, ոչինչ չի կորցրել, բայց նրանից ոչ մի օգուտ չկա: Ժպտում է, որովհետև նրա ժպիտը իր «կարգավիճակով» հավասարվել է Հրանուշ Հակոբյանի, Աղվան Հովսեփյանի, Արմեն Երիցյանի, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի (այս կինն ի՞նչ գործ ուներ այնտեղ) և այլոց ժպիտին, որոնք ոչինչ չեն անում, բայց ոչինչ չեն էլ կորցնում:

Այս մարդիկ լրիվ Խաչից «ընկել» են: Տղերք կամ աղջկերք, առանց ձեր Խաչի այս պետությունը կորա՞ծ է: Մենք գիտենք, որ դուք ձրիակեր եք, դատելով միայն տաքսիներում վարորդների դեմքով հնչող դժգոհություններից, մենք հաշտվել ենք նաև ձեր ձրիակեր լինելու մտքի հետ, բայց Խաչը ձեզ ի՞նչ է արել: Կամ դուք ի՞նչ կապ ունեք Խաչի հետ: Իշխան Զաքարյանն, օրինակ, ի՞նչ կապ ունի: Ինչու՞ է այդքան ցուցադրական վազում դեպի Խաչը: Որովհետև անպատիժ լինելուց հետո նրան ամեն ինչ կարելի է: Որովհետև նրա ձեռքերն ազատվել են: Որովհետև այլևս ուրիշների հանցանքը բացահայտելու «մեղքի» տերը չէ: Որովհետև ինքը մի էնպիսի Հայաստանի ներկայացուցիչ է, որտեղ ով ինչ ուզում, անում է:

Ինչ ուզում եք՝ ասեք՝ այդ մարդն իրավունք չունի լայն կամ նեղ ժպիտով, առանց ժպիտի կամ նույնիսկ մուննաթով կանգնել պետական մյուս պաշտոնյաների կողքը: Որովհետև ինքը քաղաքական որևէ թիմի ներկայացուցիչ չէ: Հենց այն բանի համար էինք մենք հավակնում լինել պետություն, որ Իշխան Զաքարյանը նախապաշարմունքներ չունենա երախտապարտ լինելու սրան կամ նրան: Որ Սերժ Սարգսյանը նրան չկանչի ու ասի՝ Իշխան, դու սասանում ես մեր իշխանության սյուները:

Մենք հույս ունեինք, որ Իշխանն իշխանություն կունենա վեր կանգնելու մյուսների խաչից: Որ ինքը իշխանություն կունենա կրելու իր Խաչը: Հենց դրա համար էինք անկախություն հռչակելուց հետո նախագծում պետության սյուները, որ Իշխանը լինի նրանցից մեկը և ոչ մի Սերժ Սարգսյան նույնիսկ Ջինի շիշը ձեռքին ռիսկ չանի ասելու, որ դու սասանում ես իշխանության սյուները: Որովհետև սյուներ ունենում է միայն պետությունը: Իսկ Իշխանն ու Սերժ Սարգսյանը այդ սյուների քարերի «ժամանակավոր պաշտոնակատարն» են: Մեզ այսպիսի Իշխան պետք չէ, ընկերներ: Մեզ պետք չէ ԱԺ-ում բոլոր իրերն իրենց անունով կոչելու իշխանություն ունեցող մեկը, որը մկան ծակին հազար թուման է տալիս մի Սերժ Սարգսյանի «հանձնարարականից» հետո: Մեզ անինքնիշխան Իշխան պետք չէ: Մեզ պետք է հաշվետու մարդ՝ Խաչը հենց գոյության հաշվետվությունն է: Այսինքն, եթե Խաչը փաստ է, փաստ է նաև կյանքը: Ու եթե փաստ է Խաչը, նշանակում է ինչ-որ մեկը տրվել է մինչև վերջ: Այսինքն, այդ պահից կյանքը հաստատ այլ բան է: Ինչ-որ երկաթի կտոր Խաչ սարքելով հետո դուք, այսինքն, բոլորդ և Աղվան Հովսեփյանը, ու՞մ եք ուզում խաբել: Ուզում եք ասել՝ ավելի ու ավելի անհնարին թվացող այս անհուսության մեջ մեզ միայն ինչ-որ երկաթի կտո՞ր էր պակասում: Թող որ: Բայց դուք մեր կյանքի ավելցուկն եք, ընկերներ: Հենց դուք որպես ավելցուկ եք ամեն Խաչ դարձնում երկաթի կտոր: Ձեզանով է, որ Աստված հաճույքով չկա: Որովհետև ձեր դատը նույնիսկ այնաշխարհի երևակայության համար է անպատկերացնելի: Որովհետև դա երբևէ բանականություն ունեցածի դատ չի լինելու, ընկերներ: Մտածեք այս մասին:

Մեկնաբանել