Իտալական Իվրեայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Tsitsernakaberd-17Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 12-ին կայացած նիստին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, հայտարարությունում նշվում է, որ ճանաչելով պատմական ճշմարտությունը` քաղաքային խորհուրդն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին և նրա անքակտելի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին:

Նիստի պատվավոր հյուրերն են եղել հայ գրող և ռեժիսոր Վազգեն Բերբերյանը և Իվրեայի Իտալական պարտիզանների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչները:

Քաղաքային խորհուրդը հույս է հայտնել, որ Եվրոպական խորհրդարանը քայլեր կձեռնարկի՝ Եվրամիության անդամակցության թեկնածու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ:

Իվրեա փոքր քաղաք է Իտալիայի հյուսիս-արևմուտքում: Նրա բնակչության թիվը 24 409 մարդ է:

Այս ամիս` ավելի վաղ, Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր իտալական Մարկեի նահանգային խորհուրդը:

Այս տարվա մարտին Իտալիայի Տոսկանայի նահանգի նահանգային խորհուրդն էր ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև` Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ զորակցություն հայտնելով հայ ժողովրդին:

Իտալիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000թ.:

Մեկնաբանել