Հայաստանում էներգետիկ ոլորտի կարգավորման 17 առաջարկություն` «Դելոյթ»-ից

deloitte-signage-1-1839«Դելոյթ և Տուշ» միջազգային խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման պայմանագրի 2-րդ փուլի հաշվետվությունը: Երկրորդ փուլի արդյունքներով` «Դելոյթ և Տուշ»-ը ներկայացրել է Հայաստանում էլեկտրաէներգետիկ համակարգի կարգավորման ոլորտում 17 ընդհանուր առաջարկություն, որոնք ներկայացված են ստորև:

ՀԾԿՀ-ին, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, ՀԷՑ-ին և «Էներգետիկայի» ԳՀԻ-ն առաջարկվում է`

  1. Ստուգել ՀԷՑ-ում կորուստների հաշվարկների արդյունքները՝ ԱՊՀ երկրներում իրենց գործունակությունն ապացուցած մեթոդաբանությունների և ծրագրերի համաձայն, ինչպես նաև կիրառել «Էներգետիկայի» ԳՀԻ ծրագրային ապահովումը ԱՊՀ առանձին երկրներում կորուստների հաշվարկի համար
  2. Հաշվարկների արդյունքների հիման վրա կազմակերպել մասնագիտական քննարկում կորուստների հաշվարկի մոտեցումների վերաբերյալ ՀԷՑ-ի և «Էներգետիկայի» ԳՀԻ, և այլ շահագրգիռ կողմերի միջև
  3. Հաստատել տեխնիկական կորուստների մակարդակի նվազեցման միջոցառումների ծրագիր

ՀԾԿՀ-ին և կարգավորվող ընկերություններին`

  1. Սահմանել ծախսերի հիմնական տեսակների առավելագույն մակարդակը ողջ շղթայի համար՝ «արտադրություն-հաղորդում-առաքում և սպառում» մինչև հաջորդ սակագնային ժամանակաշրջանի սկիզբը
  2. Մշակել նորմատիվային ցուցանիշների միասնական համակարգ (բենչմարկինգ) ողջ աշխարհում գործնականորեն ընդունված խթանող կարգավորման ներդրման շրջանակներում
  3. Ապահովել ընկերությունների ծախսերի վերահսկողություն՝ դրանց նվազեցման նպատակային նորմատիվների սահմանման միջոցով
  4. Մշակել ստացվող տեղեկատվության օպերատիվ վերլուծության մեխանիզմ ստուգացուցակների (checklists) միջոցով՝ փոխկապակցված ցուցանիշների և դրանց ներկայացման ճշգրտության ավտոմատ ստուգման հնարավորությամբ
  5. Մշակել ընկերությունների ֆինանսական մոդելներ և ներդնել սակագնային տարբեր սցենարներում նրանց եկամուտների և ծախսերի թվայնացման պրակտիկան
  6. Ներդնել խթանող կարգավորման մեթոդներ
  7. ex-post կարգավորումից (վերլուծություն՝ հիմնված ընկերության նախկինում ունեցած փաստացի ծախսերի հիման վրա) շեշտադրումը փոխադրել կանխատեսումային (ex-ante) կարգավորման
  8. Սակագինը և/կամ դրա առանձին բաղկացուցիչները (ծախսերի մակարդակը, շահութաբերության նորմը, ներդրումները) սահմանել 3-5 տարի ժամկետով
  9. Ներդնել ՀԾԿՀ աշխատակիցների վերապատրաստման կանոնավոր համակարգ
  10. Մանրամասնորեն մշակել կարգավորողի կողմից սակագնային որոշումների կայացման բացահայտման ալգորիթմը՝ նրա գործունեության թափանցիկությունը մեծացնելու նպատակով: Որպես առաջնահերթություն՝ պետք է ստեղծվի ընկերությունների կողմից հայտերի ներկայացման բաց և հասկանալի համակարգ, կարգավորողի կողմից կատարվող ճշգրտումների տրամաբանական հիմնավորմամբ
  11. Մշակել արդյունավետության հիմնական ցուցանիշների (ԱՀՑ) համակարգ և ներդրնել կանխարգելիչ կարգավորման գործառույթ

ՀԾԿՀ-ին, ֆինանսների նախարարությանը և կառավարությանը`

  1. Ապահովել պարբերական հիմունքներով կարգավորողի որոշումների անկախ գնահատման կազմակերպումը՝ հետազոտության արդյունքների պարտադիր հրապարակմամբ
  2. Նախատեսել ՀԾԿՀ բյուջեի ուղղակի ֆինանսավորում շուկայի մասնակիցների կարգավորման վճարներից
  3. Սահմանել կարգավորողի ֆինանսավորման բավարար ծավալներ, որոնք թույլ կտան պահպանել ընթացիկ աշխատակազմը և ներգրավել նոր մասնագետներ

Պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը «Դելոյթ և Տուշ»-ը ներկայացրել էր սեպտեմբերի վերջին: Հաշվետվության մեջ ընկերությունը եզրահանգել էր, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԾԿՀ որոշումը համարում է հիմնավոր:

«Դելոյթ և Տուշ»-ի` ՀԾԿՀ-ին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման պայմանագրի 2-րդ փուլի հաշվետվությունն ամբողջությամբ` այստեղ:

Մեկնաբանել