Վեսթմինսթրյան աբբայությունում ոգեկոչել են սրբադասված նահատակների հիշատակը

14173Վեսթմինսթրյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին կայացել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն: Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասնեյակից, արարողությանը մասնակցել է Սերժ Սարգսյանը, ներկա է գտնվել նաև Նորին արքայական մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը:

Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների հիշատակությունն ու նրանց անմահ հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաև որպես հրավեր բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին` միանալու արդարության հաստատման համար աղոթքին և իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության` ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար»,- ասված է նախագահականի հաղորդագրության մեջ:

Արարողության ժամանակ հոգևոր երգերը կատարել է Լոնդոնի Սբ Եղիշե հայկական եկեղեցու երգչախումբը:

Մեկնաբանել