Հայամետ կոնգրեսականն ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Paul Ryan, speaker of house of representativesՄիացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ է ընտրվել հայամետ կոնգրեսական, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Փոլ Ռայանը:

45-ամյա Փոլ Ռայանը վերջին 150 տարիների ընթացքում ԱՄՆ-ի երրորդ ամենակարևոր պաշտոնը զբաղեցնող ամենաերիտասարդ քաղաքական գործիչն է, հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: Ռայանն այդ պաշտոնը հրաժարվում էր զբաղեցնել՝ որպես նախապայման սեփական կուսակիցներից պահանջելով միասնություն ցուցաբերել: Այս անգամ ևս, երդման արարողությանը հետևած իր ելույթը նորընտիր խոսնակը սկսել է հավատքի և միասնության կոչով.

«Մեր ուսերին ծանր բեռ է, այնպես որ, եթե աղոթում եք, եկեք աղոթենք միմյանց համար, հանրապետականները թող աղոթեն դեմոկրատների, իսկ դեմոկրատները՝ հանրապետականների համար»:

Փոլ Ռայանի խոսքով, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է արմատական բարեփոխումներ կատարել՝ ամերիկացիների կյանքի բարելավման ուղղությամբ.

«Էլ ոչ մի արտոնություն ընտրյալների համար, այսուհետ՝ հնարավորություններ բոլորի համար»:

Փոլ Ռայանի ընտրությունը խոսնակի պաշտոնում ողջունել են Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչների խոսքով, կոնգրեսական ընտրվելուց ի վեր Ռայանն աջակցել է հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդմանը:

«Տարեցտարի նա աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված օրինագծերի»,- ասել է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Բրայան Արդունիի խոսքով՝ 1998-ին կոնգրեսական դառնալուց ի վեր, Փոլ Ռայանն անընդմեջ աջակցել է Հայաստանի հետ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը.

«Եթե նայեք այս փաստաթղթերին, կտեսնեք, որ Փոլ Ռայանը 2001-ին ստորագրել է նախագահ Բուշին հղված այս նամակը, 2002-ին՝ ահա Փոլ Ռայանի ստորագրությունը, 2004-ին՝ կրկին ստորագրված է Փոլ Ռայանի կողմից, ինչպես նաև այս մեկը՝ 2005-ին»:

28 տարեկանում ընտրվելով Վիսքոնսինի կոնգրեսական՝ Փոլ Ռայանը նաև սերտ համագործակցություն է հաստատել տեղի հայ համայնքի հետ և այդ կապն անընդհատ շարունակվել է, պատմում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը.

«2007-ին, երբ Հրանտ Դինքը Պոլսում ենթարկվեց ահաբեկչական հարձակման, կոնգրեսական Ռայանը զորակցեց այդ հարձակումը դատապարտող բանաձևի ընդունմանը»։

Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով՝ Միացյալ Նահանգներում բնակվող հայերը մտադիր են շարունակել արդեն խոսնակ Ռայանի հետ ջերմ հարաբերությունները:

Մեկնաբանել