ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել ձերբակալված հանցավոր խմբի մասին

12239952_1062063687161780_1195019337753182028_nՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանում այսօր բացահայտված հանցավոր խմբավորման մասին:

ԱԱԾ օպերատիվ տվյալների համաձայն` 1981թ. ծնված, 1997-ից Իսպանիայում բնակվող և 2015թ. ապրիլից Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վարդանյանը, Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015թ. ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն` դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևանի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։

«Վերոհիշյալ հանցավոր նպատակների իրագործման համար կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք և ռազմամթերք, որը պահվել է Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոց, 78-րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱԱԾ-ն հաղորդում է, որ այսօր ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք:

«Մասնավորապես՝ Արթուր Վարդանյանի կողմից վարձակալած նշված սեփական տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են՝ 6 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 4 հատ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով, 1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ, 1-ական ողորկափող և օդամղիչ հրացաններ, տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ, 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են), 1 հատ պայթեցման սարք, 1 հատ հակատանկային բեկորային ական «ՄՈՒՎ 50», մոտ 1200 գրամ «տրոտիլ» պայթուցիկ նյութ, մոտ 50 գրամ «պլաստիդ» պայթուցիկ նյութ, 11 հատ «Ֆ1» նռնակներ, 46 հատ «ՌԳ» նռնակներ, 3 հատ «ՌԳԴ-5» նռնակներ, 2 հատ հակատանկային նռնականետ, 20 հատ ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչներ, օպտիկական նշանացույցեր, հեռադիտակներ, դետոնատորներ, մեծ քանակության զինվորական համազգեստ և հանդերձանք: Հայտնաբերվել են նաև ՀՀ, Երևան քաղաքի և Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը։

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին [Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը] և 2-րդ [Հանցավոր համագործակցությանը մասնակցելը] մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ [Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից] մասով, կատարվում է նախաքննություն:

Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել