«Նոր Հայաստան»-ը ճանապարհային քարտեզ է հրապարակել

A1B0A589-5A2F-4D6E-AF8B-46C3A22297FA_cx0_cy7_cw0_mw1024_s_n_r1«Ժառանգություն» կուսակցության և «Հիմնադիր խորհրդարանի» համատեղ ստեղծած «Նոր Հայաստան» քաղաքական միավորումը մարտի 23-ին հրապարակել է «Հայաստանում ազատ և արդար արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզ»:

Ճանապարհային քարտեզը ներառում է երեք կետ` վարչախմբի հեռացում, անցումային կառավարում և ազատ և արդար արտահերթ ընտրությունների անցկացում:

«Քաղաքական և հասարակական ուժերը միավորվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակի շուրջ:

Միավորված ուժերն իրազեկման միջոցով ներգրավում են ժողովրդական լայն զանգվածներին:

Ժողովուրդը վերջնագիր է ներկայացնում քրեական ռեժիմի պարագլուխներին՝ Ժողովրդի վստահության կառավարություն նշանակելու և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով:

Ժողովուրդը խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով (վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում և այլն) կաթվածահար է անում քրեական ռեժիմի կառավարման համակարգը՝ հասնելով իր վերջնագրի ընդունմանը և դրա պահանջի կատարմանը»,- նշված է առաջին կետում:

Համաձայն երկրորդ կետի` ժողովրդի վստահության կառավարությունն ապահովում է պետական կառավարման կայունությունը: Ժողովրդի վստահության կառավարությունն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները ազատ և արդար արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Սահմանադրական դատարանում սկսվում է ՀՀԿ-ի գործունեության արգելման վարույթ:

Երրորդ կետում նշվում է` իրավապահ մարմիններն ապահովում են ընտրական գործընթացը՝ խստորեն կանխելով ընտրակաշառքների, ընտրություններին միջամտելու և դրանց վրա ազդելու բոլոր այլ փորձերը: ԶԼՄ-ներն ազատորեն լուսաբանում են ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին: Քաղաքացիական հանրությունն ազատորեն վերահսկում է ամբողջ ընտրական գործընթացը:

Մեկնաբանել