Բաքուն չի խորշում ընդունել՝ ինքն է կանգնած հրադադարի խախտումների հետևում. Նալբանդյան

g_imageԱդրբեջանի ղեկավարությունը եռանախագահող երկրներին սադրիչ է անվանում այն պատճառով, որ նրանք առաջարկում են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ։ Իրականում այդ քննադատությունն ուղղված է ոչ միայն համանախագահներին, այլև առնվազն ԵԱՀԿ-ում ներկայում և նախկինում նախագահող երկրներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ընդհանրապես բոլոր երկրներին և կառույցներին, որոնք սատարել և սատարում են այդ առաջարկը. մարտի 23-ին Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ արձագանքելով Բաքվից վերջին շրջանում հնչող հայտարարություններին:

«Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում ընդունել, որ ինքն է կանգնած հրադադարի խախտումների և իրավիճակի սրման հետևում։ Նույնիսկ հպարտանում է դրանով։ Մի կողմ թողնենք, թե արդյոք Բաքուն իրապես կարծում է, որ այդտեղ հպարտանալու բան կա, թե դա ընդամենը ներքին սպառման քարոզչական հնարք է, մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը։ Եվ սա վերաբերում է ոչ միայն ԼՂ հիմնահարցին,- ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Էդվարդ Նալբանդյանն ու հավելել: – Նա պնդում է, թե, ոչ ավել, ոչ պակաս, Ադրբեջանը տնտեսապես ամենակայուն, ամենաժողովրդավար, ամենահանդուրժողական, մարդու իրավունքների առումով ամենապաշտպանված երկիրն է աշխարհում, որը օրինակ կարող է հանդիսանալ այլ պետությունների համար, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներ հակառակն են ասում։ Ծուռ հայելիների թագավորություն է ստեղծված այդ երկրում, որի ղեկավարները, նայելով այդ հայելիների մեջ, հրճվում են իրենք իրենցով և կոչ անում այլոց՝ ապրել նման ծուռ հայելիների աշխարհում»։

Նույն օրը՝ ավելի վաղ, Էդվարդ Նալբանդյանն այցելել է ԼՂՀ ԱԳՆ, որտեղ հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև համագործակցության սերտացմանը, պարբերական խորհրդակցությունների անցկացմանը, կրթական բնագավառում փոխգործակցությանը:

Մեկնաբանել