Ջոն Քերին Մոսկվայում է

Kerry Moscow VisitԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Քերիի մոսկովյան այցը կտևի երկու օր: Մարտի 24-ին նա հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի և Վլադիմիր Պուտինի հետ: Օրակարգում սիրիական ճգնաժամն է, իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հավանայում լրագրողի այն հարցին, թե արդյոք Մոսկվայում ինչ-որ հատուկ թեմաներ են շոշափվելու, Քերին պատասխանել էր. «Բազմաթիվ հատուկ թեմաներ»՝ առանց որևէ հստակեցման:

Սա Ջոն Քերիի՝ մեկ տարվա ընթացքում երրորդ այցն է Մոսկվա: Վերջին անգամ նա Ռուսաստան էր այցելել անցյալ դեկտեմբերին:

ԱՄՆ պետքարտուղարի այցի նախաշեմին ՌԴ արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները «շարունակում են բարդ մնալ» և հույս հայտնել, որ Ջոն Քերիի այցը կնպաստի դրանց կարգավորմանը:

Մեկնաբանել