Բաքվի ագրեսիան լուրջ մարտահրավեր էր ԵՏՄ անվտանգության համար. Սերժ Սարգսյան

17733_bԻնտեգրացիոն միավորումները հաջող գործարկվում և զարգանում են անվտանգ միջավայրում: Անվտանգությունը մեր պետությունների տնտեսական զարգացման և բարգավաճման առանցքային հիմքն է. մայիսի 31-ին Աստանայում այսպիսի հայտարարություն է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

«Ես չափազանց կարևոր եմ համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միությունը ձևավորած երկրները միաժամանակ հանդիսանում են ՀԱՊԿ անդամներ, որի հիմնական նպատակը մեր տարածքում համապարփակ անվտանգության ապահովումն է»,- ասել է Սարգսյանը` հավելելով, որ ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը լուրջ մարտահրավեր դարձավ ԵՏՄ տարածաշրջանի անվտանգության համար:

«Վտանգն ակնհայտ է՝ կամ Եվրասիական տնտեսական միության տարածքը մեր միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության գոտի, որտեղ կարելի է ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին և կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության և երկպառակտության մշտական օջախներ են: Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում: «Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակը՝ այն վերցնելով իրենց վերահսկողության տակ: Այստեղ կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով: Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում կայացավ, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ,- ասել է ՀՀ նախագահը և հավելել է. «Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա: Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաև ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, և տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը»:

Խոսելով տնտեսական ինտեգրացիայի մասին, Սարգսյանն ասել է, որ պետք է անել ամեն ին, որպեսզի ԵՏՄ ինտեգրացիան «դառնա տնտեսական գործընկերության գրավիչ մոդել, բաց լինի բոլոր շահագրգիռ կողմերի հետ լայն համագործակցության համար»:

Նա նշել է, որ ԵՏՄ ձևաչափում Վիետնամի հետ Հայաստանում ազատ առևտրի գոտու մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագիրը գտնվում է վավերացման ավարտական փուլում, ինչպես նաև ողջունել է ԱՍԵԱՆ միավորման մեջ մտնող Կամբոջիայի և Սինգապուրի հետ փոխգործակցության իրավական շրջանակների ամրագրումը: Նա նշել է, որ Հայաստանը աջակցում է Սերբիայի հետ առևտրի ռեժիմի ներդաշնակեցման հարցի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին որոշմանը:

Անդրադառնալով ԵՏՄ-ԵՄ երկխոսությանը` ՀՀ նախագահն ասել է, որ երկու ինտեգրացիոն միավորումների միջև համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի առևտրի, աշխատուժի, ծառայությունների և կապիտալի ազատ շրջանառության ապահովման համընկնող նպատակների ձեռքբերմանը. «Այն պետք է նպաստի առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձևավորմանը: Այս համատեքստում կարևորություն ենք տալիս Եվրոպական հանձնաժողովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությանը»:

Նշելով, որ միջկառավարական խորհրդի երևանյան նիստի ժամանակ հաստատվել են Չինաստանի հետ բանակցությունների դիրեկտիվները, Սարգսյանը հույս է հայտնել, որ հաջորդ նիստի ժամանակ հանձնաժողովը կզեկուցի բանակցային գործընթացի մեկնարկի մասին:

«Անհրաժեշտ է զուգահեռ շարունակել չինական կողմի հետ երկխոսությունը, ինչպես նաև մյուս շահագրգիռ պետությունների՝ Իրանի և Հնդկաստանի հետ, ԵՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգորդման մասով: Նման համակցումը լրացուցիչ հնարավորություն է ավելացված արժեքի միջազգային շղթային ինտեգրվելու համար: Այն նաև կօգնի մեծացնել առևտրի ծավալները, վերակառուցել տնտեսությունը, ներգրավել ներդրումներ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ներքո, լոգիստական հնարավորությունների բազմազանեցմանը»,- ասել է նա:

Սարգսյանը հավելել է, որ ԵՏՄ կողմից ընդունված, այդ թվում` այսօրվա որոշումները, «պետք է շոշափելի լինեն քաղաքացիների և գործարար շրջանակների համար, յուրաքանչյուր գնորդի և ծառայության պատվիրատուի համար, ով իր սեփական օրինակով կզգա ինտեգրացիայի առավելությունները»:

«Այս նպատակին հասնելը հնարավոր է գործարարության վրա դրված ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ համաձայնեցված աշխատանքի, տեխնիկական խոչընդոտների վերացման, ԵՏՄ ընդհանուր շուկաներ դուրս գալու համար պայմանների ստեղծման միջոցով: Այս համատեքստում կընդգծեմ գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգերի ընդունման նշանակությունը: Այս որոշումների իրականացումը կօժանդակի ԵՏՄ տնտեսական ներուժի հզորացմանը, քանի որ էներգակիրների շուկան կարևոր գործոն է արտադրության շղթայում և դրա կանխատեսելիությունից է հաճախ կախված կայուն տնտեսական աճի հնարավորությունը: ԵՏՄ տարածքում ածխաջրածնային հումքի գները պետք է նպաստեն մեր տարածքում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը»,- ասել է Սարգսյանը:

Մեկնաբանել