Պուտինն ու Էրդողանը խոսեցին հեռախոսով. Թուրքիան կբացվի ռուս զբոսաշրջիկների համար

Russia's President Putin and Turkey's Prime Minister Erdogan chat following a news conference in IstanbulՌուսասկան կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Թուրքիայի նախագահին մոտ կանգնած աղբյուրներն ավելի վաղ պատմել էին, որ զրույցը տևել է 40 րոպե, այն եղել կառուցողական և դրական: Սա երկու պետությունների ղեկավարների առաջին զրույցն է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից անցյալ տարվա նոյեմբերին ռուսական Սու-24 ռազմական օդանավի խոցումից հետո:

Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Պուտինը ցավակցություն է հայտնել երեկ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Երկու կողմերը ընդգծել են ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերի խթանման անհրաժեշտությունը:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Թուրքիայի նախագահից ստացված ուղերձը նախապայմաններ է ստեղծել երկկողմ հարաբերություններում ճգնաժամային իրադրությունը հաղթահարելու և միջազգային ու տարածաշրջանային խնդիրների ուղղությամբ համատեղ աշխատանքը վերսկսելու համար: Այս համատեքստում, ինչպես ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ, հույս է հայտնվել, որ ռուսաստանցի օդաչուի սպանության մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացու հանդեպ դատական հետաքննությունը կկրի օբյեկտիվ բնույթ:

Ավելին՝ Պուտինը հայտարարել է, որ կհանձնարարի կառավարությանը բանակցություններ սկսել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխշահավետ երկկողմ համագործակցությունը վերականգնելու նպատակով՝ նկատի ունենալով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Թուրքիա այցելության սահմանափակման վերացումը:

«Ընդ որում, ցանկալի է, որ թուրքական կառավարությունը լրացուցիչ քայլեր ձեռնարկի Թուրքիայի տարածքում ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ»,- հայտարարել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հուլիսի 1-ին Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման շուրջ:

Մեկնաբանել