Ինչպե՞ս Հայաստանում ձախողվեց դեղին մամուլը

Դեղին մամուլը լավ բան է: Հենց այդ պատճառով Հայաստանում դեղին մամուլ չկա: Բանավոր զրույցներում ամեն հիմարություն կարող է որակվել դեղին մամուլի նյութ: Սակայն այն երբեք հիմարության վրա չի կայանում: Բամբասանքի վրա՝ գուցե: Բայց ոչ հիմարության:

Դեղին մամուլը որպես ֆենոմեն նույնքան ինքնահարգանք է պահանջում, որքան Սերժ Սարգսյանի կամ Միքայել Մինասյանի բիզնես կայսրության հետաքննությունը: Այն հայհոյանք չէ, ինքը նույն հետաքննությունն է, բայց, ինչպես ասում են՝ ոտի վրա: Էթիկայի կանոններն այստեղ մինիմիզացված են, որովհետև զոհերը սովորաբար «լյումպենի» իդեալներն են, ասենք, Լեդի Գագան կամ Բրիթնի Սպիրսը: Մեր դեպքում, դիցուք, Սիրուշոն: Մարդիկ, որոնք քաղաքական գործիչ չեն, բյուջե չեն լափում, նախընտրական խոստումներ չեն տվել և հետո չեն գցել ընտրողներին, բայց իրենց որոշակի տաղանդի շնորհիվ տեղափոխվել են այլ «մոլորակ»: Դեղին մամուլը այդ «մոլորակից» հեռարձակվող ռեպորտաժն է, որպեսզի հասարակությունն իմանա, թե ինչով է զբաղված իր իդեալը իր աչքից հեռու: Պատահական չէ, որ նման մարդկանց անվանում են աստղեր: Նրանց ճոխությունը ոչ մեկին չի վշտացնում, այլ լիցքավորում է: Սակայն քաղաքական գործիչները նույնպես կարող են դառնալ դեղին մամուլի նյութ: Ասենք, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ մատի կոմբինացիայով հայհոյելիս: Կամ Հրանուշ Հակոբյանը՝ լողազգեստով: Որովհետև դեղին մամուլը ինքը առօրեական իրավիճակների ֆիլտր է կամ վերջաբան չունեցող զվարճալի պատմություն:

Դեղին մամուլը մարտահրավերներ չունի: Իր միակ մարտահրավերը՝ վաղը լինել նույնքան պահանջված, որքան այսօր: Ինքը որևէ ասեկոսեից չի կարող մարտահրավեր սարքել: Ինքը պարզապես ժանր է: Եվ այս ժանրի կայացումը պահանջում է անկախ տնտեսություն: Որովհետև դեղին մամուլը թեթև ժանր է, ինչպես արևածաղիկը: Այստեղ փողը պետք է ուղղակի զբոսնի որևէ մեկի ագահությունից անկախ: Փողն այստեղ խաղում է ինքն իր հետ, զվարճանում իրենով: Ստեղծում իրեն: Դա այն փողն է, որը խաղի բոլոր կանոնների մեջ թաքնվելու տեղ չունի, այդ կանոնները զանցելու կարիք չունի, որևէ մեկից շորթած չէ: Ինքը բովանդակություն չի պարտադրում, այլ՝ լիցքաթափում: Իր բովանդակությունը բոլոր մնացած ժանրերի բովանդակությանը հակառակ է հոսում, որովհետև ինքը կուշտ հասարակության ժանր է: Ավելի ճիշտ՝ ոչ թե կուշտ, այլ պետության խաղի կանոնների մեջ իր տեղն իմացող հասարակության ժանր: Դեղին մամուլ չկա, որովհետև չկա անկախ տնտեսություն: Եթե Հայաստանն ունենար դեղին մամուլ, բոլորը բացառապես արդեն իրենց տեղում կլինեին: Այս ժանրը կայանում է միայն ժողովրդավարական մյուս ինստիտուտների կայացումից հետո: Ինքը չի կարող առաջ ընկնել, ասենք, իսկապես ազատ ընտրություններից:

Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում: Ինչու դեղին մամուլը ձախողվեց՝ այդպես էլ չծնված: Գուցե տարակուսեք, բայց այն կապ ունի ընտրությունները կեղծելու հետ: Ընդհանրապես մարդու ազատ կամքի արտահայտման բացակայության հետ: Ավելին՝ այդ կամքը ճզմելու, մարդուն մարդատեղ չդնելու հետ: Որովհետև դա ճնշում է նաև իդեալներ ունենալու նրա ծարավի վրա: Կարծում եք՝ պատահակա՞ն է, որ «նախագահին» ուղղված մեր «մտավորականների» նամակների վրա ոչ ոք նույնիսկ թքած չունի: Որովհետև ոտնահարված կամքը կորցնում է կողմնորոշումը, ինքը չգիտի որն է առաջնահերթ, որը՝ ոչ, ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, ինչը՝ լավ, ինչը՝ վատ: Դեղին մամուլ ունեցող հասարակությունում «Սասնա ծռերին» կդարձնեին երգիծանքի թեմա: Եվ չէին սխալվի: Որովհետև դեղին մամուլը ազատ հասարակության «արեգակնային համակարգությունում» իր տեղը գտած մոլորակ է և մյուսների նման ոչ միայն ունի գոյության իրավունք, այլև ոչ մի հսկա օտար մարմին չի կարող նրան շեղել ուղեծրից: Դեղին մամուլ ունեցող հասարակությունում ոստիկանությունը ռիսկ անգամ չէր անի կրակել իր ոստիկանի վրա և դա վերագրել «Սասնա ծռերին»: Որովհետև անմիջապես կաշխատեին մարտահրավեր ֆիքսող մյուս ինստիտուտները, և ոստիկանությունում քարը քարի վրա չէր մնա: Ավելին՝ կբացահայտվեր, որ այդ սպանության թիկունքում ոչ այնքան Վլադիմիր Գասպարյանն է կանգնած, որքան, ասենք, Գևորգ Կուտոյանը կամ Սերժ Սարգսյանը: Էդ մի սպանությունն արդեն կաներ այն, ինչ հազարավոր «Սասնա ծռեր» չէին կարողանա անել՝ գրավելով հազարավոր ՊՊԾ գնդեր: Կուտոյանն ու Սերժ Սարգսյանը ոչ միայն կհեռանային իշխանությունից, այլև արդեն հիմա մեղադրյալի աթոռին նստած կլինեին: Որովհետև իր տեղը, իր մարտահրավերները ճանաչող հասարակությունը անարդարության «նյուխ» ունի, որը ճշմարտություն է թելադրում:

Սակայն կեղծվող ընտրություններն ինչպե՞ս են խաթարել դեղին մամուլի ձևավորումը: Տեսեք: Նախագահ է դառնում, ասենք, Սերժ Սարգսյանը: Ինքը ինձ տեղ չի թողնում՝ հավատալու, որ իսկապես ընտրված է, ավելին՝ իմ կասկածի վրա ինքը կրակում է: Արդյունքում, ասենք, 10 զոհ: Հիմա էդ մարդը պետք է արյունով վերցրած իշխանությունը պահպանի: Դեղին մամուլը որպես երևույթ էս փաստի մեջ չկա, արյուն թափելուց հետո ոչ ոք, ինչպես Միայնակ Գայլն էր ասում, չի կարող նստել ու ինչ-որ մեկի համար թիթեռնիկ նկարել: Նրանք, ովքեր պետք է Սերժ Սարգսյանին օգնեն պահպանել իշխանությունը՝ որպես ֆենոմեն, դեղին մամուլի նյութ են: Նրանց, ովքեր որպես քրեական աշխարհի դեմքեր էին ներգրավվել ընտրությունների մեջ, և առանց որոնց ընտրություն կեղծել հնարավոր չէր, խոստացվում է լավագույն կյանք՝ իշխանության բարձր հովանու ներքո: Ամբողջ աշխարհում լավագույն կյանքը իշխանության օգնությամբ լինում է ուսուցչի, խառատի կամ մասնագիտություն ունեցողի կյանքը: Եվ իշխանության զգոն հայացքն այստեղ նույնիսկ պարտադիր չէ: Կարևորը՝ չխանգարի: Հայաստանում լավագույն կյանք կարող է խոստանալ իշխանությունը և, դիցուք, նա դա կարող է խոստանալ միայն քրեական պատմությունների մեջ ներգրավվածներին կամ ստրուկներին: Բայց միայն խոստանալով չէ: Որովհետև քրեականը առաջնորդվում է երաշխիքներով․ նրա երաշխիքը պետական բյուջեի նախագիծը կամ նույնիսկ արդեն ընդունված բյուջեն չէ, նրա երաշխիքը մարդն է: Այս դեպքում՝ Սերժ Սարգսյանը: Որովհետև բյուջեն չի կարող քրեականներին հովանավորել: Արդյունքում Սերժ Սարգսյանը նրանց վերցնում է իր ձեռքի տակ: Ասենք՝ Մհեր Սեդրակյանին, Հովիկ Աբրահամյանին, Առաքել Մովսիսյանին, Գագիկ Ծառուկյանին: Այսինքն՝ մարդկանց, որոնք հարուստ են, բայց ինտելեկտի հատիկ չունեն: Հետևաբար՝ հանցագործ են: Ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ ո՞րն է երաշխիքը, որ սրանց համար լավ կլինի ընտրությունները կեղծելուց հետո: Երաշխիքը սրանց Ազգային ժողով բերելն է, այսինքն՝ քրեականից ինստիտուցիոնալ ֆիգուր սարքելը՝ առանց նրա քրեական կերպարը խաթարելու (իհարկե, սրանք նաև Ռոբերտ Քոչարյանի և նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էին ձիու վրա, սակայն տարերային հենարան էին և ոչ թե ինստիտուցիոնալ): Հիմա պատկերացրեք՝ առաջին նախագահը մարտահրավեր ֆիքսող որևէ հայտարարություն է անում: Դրան պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը՝ որևէ հայհոյանքով: Անմիջապես գցում ես Տեր-Պետրոսյանի հայտարարության որակը: Բացի նրանից, որ գցեցիր քաղաքական մտքի հսկայի որակը, դու դա արեցիր ինստիտուցիոնալ ճանապարհով՝ ԱԺ պատգամավորի մակարդակով: Դե, Տեր-Պետրոսյան, գնա ու քաղաքական մարտահրավերներ ձևակերպիր, Առաքել Մովսիսյանը (Շմայս ոչ գրական մականունով) մի հայհոյանքով դա քաղաքական բարձր ամբիոնից հողին հավասարեցրեց:

Հաջորդը ինտելեկտի որևէ հատիկով աչքի ընկնող մարդիկ են՝ ասենք՝ Շուշան Պետրոսյան կամ Հրանտ Թոխատյան: Սրանց միսը պետք է ծամեր հենց դեղին մամուլը: Սերժ Սարգսյանը դա թույլ չի տա՝ նրանց անմիջապես հանրապետականացնելով: Այսինքն՝ անմիջապես քաղաքական դեմք սարքելով: Այսինքն՝ ինչ բամբասանք էլ գրես սրանց մասին, քաղաքական մկրատն անցնում է գործի՝ ախպեր, դու չգիտե՞ս, որ էս մարդիկ մեր թիմից են: Սերժ Սարգսյանն, իհարկե, գիտի, որ Հրանտ Թոխատյանն ու Շուշան Պետրոսյանը որպես մտքի ներկայացուցիչ, անմիջապես զրոյանում են՝ հանրապետականանալով: Դա իրեն չի մտահոգում: Ինքը ստեղծել է իշխանության այնպիսի կառուցվածք, որտեղ իրենից անկախ խաղացողներ չպետք է լինեն, փողն ինքն իրենով չպետք է ապրի: Հրանտն ու Շուշանը պետք է սնվելու մեկ աղբյուր ունենան, և դա Հանրապետականի ողորմած ձեռքն է:

Բայց այս իրավիճակի առաջին ֆենոմենը, թիվ մեկ մարդը, որը, այսպես ասենք, ղժժացել է դեղին մամուլի բացակայության վրա, հանճարեղ Սամվել Ալեքսանյանն է: Ասում եմ, որ ինքը ինտելեկտի հատիկ չունի, բայց տեսեք, թե ինչ է արել: Անցյալ տարի, երբ լրագրողները նրանից հարցազրույց էին խնդրում, ինքն իսկապես մի հանճարեղ նախադասություն ասեց․ դա լրագրողների հետ հարաբերության «քաղաքական» նոր կուրս էր՝ հարցազրույցը 500 եվրո արժի, քուր ջան, տուր՝ կխոսենք: Ինտելեկտի և պետական տեսլականի ամենախղճուկ ներկայացուցիչը գին դրեց իր բառի, կարելի է ասել՝ քֆուրի վրա: Պետբյուջեով ամենաբարձր աշխատավարձ ստացողը իր գործատուին, հարկատուին, այսինքն՝ մասնավոր հիմնարկի ներկայացուցչին՝ լրագրողին, ասում է՝ փող տուր, խոսեմ: Մի կողմից իր խոսքը գրոշի արժեք չունի, մյուս կողմից՝ ո՞նց, քաղաքական ամենաբարձր օրգանի ներկայացուցիչն է, ինքը որ չխոսի, բա ո՞վ խոսի: Ինքն ու Տեր-Պետրոսյանը գրեթե նույն հաճախականությամբ են հրապարակային խոսք ասում: Ուրեմն, Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ ոչ գրական մականունով) լսել պարտավոր ենք: Մենք նրա՝ ԱԺ-ում գտնվելու համար փող եք տալիս: Բայց հիմա տեսեք, թե քանի թիրախ է ֆիքսում Սամվել Ալեքսանյանն այդ հայտարարությամբ: Այսինքն՝ ինչպես է մերկացնում Սերժ Սարգսյանի ամբողջ դավադրությունը: Ազգային ժողովը քաղաքական հայտարարությունների, բանավեճերի ամբիոն է: Միակ ամբիոնը, որը պահպանվում է պետության կողմից: Ու էս ամբիոնի ներկայացուցիչը դեղին մամուլի հերոսի քայլ է կատարում՝ փող տուր, խոսեմ: Դեղին մամուլը հենց այդպես էլ կայանում է՝ ծնվում է Քարդաշյանի դուստրը՝ անգլիական SUN-ը փող է վճարում, որպեսզի առաջինը կարողանա հրապարակել դստեր լուսանկարները, ամերիկյան բուլվարային կայքերից մեկը, որպեսզի Քիմի հետծննդյան կլոր փորիկը նկարի: Սա խաղի կանոն է, ազատ փողի զբոսանք: Սամվել Ալեքսանյանը գիտի, որ նույնիսկ լրագրողի փողն ազատ չէ, եթե նույնիսկ չգիտի՝ դա փաստ է՝ Հայաստանում լրագրողի փողն ազատ չէ: Ու ինքը ցույց է տալիս, թե ինչքան լղոզված է Հայաստանը որպես քաղաքական և, ընդհանրապես, մտքի միավոր: Ինքը ֆիքսում է իր դեղին «հերոսությունը», բայց դա անում է քաղաքական մարմնի հարթակից: Ահա թե ինչի է հասցրել Սերժ Սարգսյանը Հայաստանը: Սամվել Ալեքսանյանի այս հայտարարությամբ է ցույց տալիս, որ Հայաստանում ընտրություններ չեն լինելու, որովհետև դեղին մամուլի մեր բոլոր հերոսները քաղաքական «մտքի» տիտաններ են:

Ինքը՝ Սերժ Սարգսյանը, իհարկե, ավելի հեռու է գնացել: Այս ամբողջին զուգահեռ, երբ չունես հասարակություն, որը պետության մեջ իր տեղն ու դերը գիտի (արտագաղթը հայրենիքի այս խարխափային մտակերտվածքից է գալիս), բոլոր «ինստիտուտները» ծառայեցրել ես այն բանին, որպեսզի ոչ ոք քեզանից անկախ չլինի, երբ հետաքննությամբ զբաղվող միակ լուրջ լրատվամիջոցը փող չունի, դու անում ես վերջին շտրիխը, բայց մյուսների հետ միաժամանակ: Դու դառնում ես արևը այս ամենի, որին բոլորը տեսնում են, բայց ոչ ոք մոտենալ չի կարող: Քեզանով սկսեցիր դեղին մամուլի վիժումը, քեզանով էլ ամփոփեցիր պետության անպտղությունը, որ դեղին մամուլ չի էլ լինելու: Դուք՝ Սերժ Սարգսյանդ, բոլոր պսևդոինստիտուտներով, ներառյալ՝ Պանարմենիան մեդիա կենտրոնով, էժանացրիք այս հասարակությանն այնպես, որ նույնիսկ դեղին մամուլի արժանի չլինի: Այն, որ այդ մամուլը չի ծնվելու, փաստ է, բայց հիմարություն է ասել, թե մենք այսքանով պրծանք:

Մեկնաբանել