Անկախության երաշխիքը ժողովրդավարությունն է

Հայաստանի Հանրապետությունը տոնում է անկախության 25-ամյակը։ Քառորդ դարի ընթացքում բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով՝ Հայաստանն այսօր ունի երկու գլխավոր ձեռքբերում՝ անկախություն և հաղթանակ Արցախի պատերազմում։

Սակայն Անկախության հռչակագրով հիմք դրված հայկական պետականությունն այսօր կանգնած է դժվարին մարտահրավերների առջև, որոնք թեպետ իրենց մասշտաբով համեմատելի չեն արցախյան պատերազմի հետ, սակայն դրանց հաղթահարումը կարևոր է պետականության պահպանման ու զարգացման համար։ Առանց դրանք հաղթահարելու հնարավոր չի լինի ուժեղ պետություն կառուցել։ Դրանցից կարևորը ժողովրդի կողմից իշխանության ձևավորման, այն է՝ ընտրությունների ինստիտուտի կայացման խնդիրն է։

Անկախության չափելի միավորը ազատությունների այն ծավալն է, որն ունի քաղաքացին։ Անահատական մակարդակում որքան շատ ազատություններ ունի քաղաքացին, այնքան ավելի անկախ է տվյալ պետությունը հավաքական մակարդակում։ Այդ ազատությունների մեջ ամենակարևորը իշխանություն ձևավորելու հնարավորությունն է։ Ազատ և արդար ընտրությունների միջոցով իշխանության մարմիններ ձևավորելու իրավունքը երաշխավորում է քաղաքական ու քաղաքացիական մյուս հիմնարար իրավունքների պաշտպանությունը:

Ազատ և մրցակցային ընտրություններն են Անկախության հռչակագրում և Սահմանդրությունում նշված ժողովրդավարության կառուցման ու անկախության պահպանման երաշխիքը։ Անկախության գաղափարը կարևոր է, սակայն առանց ինստիտուցիոնալ երաշխիքների հնարավոր չէ այն պահել և ընդլայնել։

Իհարկե, որևէ երկիր բացարձակ անկախություն չունի, նույնիսկ ԱՄՆ-ը ստիպված է հաշվի նստել այլ պետությունների հետ։ Սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկրները կարողանում են հնարավորինս մաքսիմալ պահել իրենց անկախությունը։ Ֆինլանդիան, լինելով Խորհրդային Միության անմիջական հարևան, Սառը պատերազմի ընթացքում հենց ժողովրդավարական ինստիտուտների շնորհիվ է կարողացել պահել իր ինքնիշխանությունը, ինչպես նաև բարիդրացիական հարաբերություններ կառուցել և՛ Խորհրդային Միության, և՛ ԱՄՆ-ի հետ։

Եթե Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները զարգացած լինեին, և ունենայինք ազատ ու արդար ընտրություններ, ապա Սերժ Սարգսյանը չէր կարողանա մի գիշերում որոշել միանալ Մաքսային միությանը (թեպետ ժողովրդավարական ընտրությունների պայմաններում դժվար թե Սարգսյանը կարողանար ընտրվել): Մեկ գիշերում կարևոր քաղաքական որոշումներ կայացնելու ավանդույթը չեզոքացնելու լավագույն երաշխիքը ժողովրդավարական ինստիտուտներն են, որոնք ենթադրում են բաց և հաշվետու կառավարում:

Անկախության պահպանման ու ընդլայնման գլխավոր երաշխիքը ժողովրդավարությունն է։ Այդ իսկ պատճառով անկախության համար պայքարը նաև պայքար է ժողովրդավարության, ուստի և ազատ, արդար ընտրությունների ճանապարհով ժողովրդաիշխանության իրականացման համար:

Մեկնաբանել