Մարուքյանը «Հայկական վերածնունդին» ու ԲՀԿ-ին առաջարկում է միավորվել Վանաձորում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես առաջարկում է «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին միավորվել և միասին ձևավորել տեղական իշխանություն Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնում․ այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը միասին ունեն 15 մանդատ, որով հնարավոր չէ ընտրել Վանաձորի քաղաքապետին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեքով միասին ունեն 18 մանդատ։ Եվ մենք երեքով կարող ենք Վանաձորում ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ։ Մենք կարող ենք այդ կոալիցիայի արդյունքում ընտրել քաղաքապետ, ձևավորել տեղական իշխանություն և սկսել մեր ծրագրերի իրագործումը»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր և ռեալ հնարավորություն է։ «Ես տեսնում եմ բացառիկ հնարավորություն, որ մենք այս երեք ուժերով միասին ձևավորում ենք կոալիցիոն, գործընկերային բազմակուսակցական տեղական իշխանություն և սկսում ենք Վանաձոր քաղաքի համաչափ զարգացման ռազմավարական ծրագիր»,- ասաց Մարուքյանը։

***

Վանաձորում քաղաքային իշխանությունների ընտրությունները կայացել են երեկ՝ հոկտեմբերի 2-ին։ Այստեղ մրցում էր 8 կուսակցություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրել է ՀՀԿ-ն՝ ստանալով 14 889 ձայն (37.6%): Երկրորդ տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ 10 899 ձայնով (27.5%), երրորդում՝ «Հայկական վերածնունդը»՝ 5286 ձայնով (13.34%): Չորրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է՝ 2872 ձայնով (7.25%): Նրան հաջորդում է Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 2522 ձայնով (6.36%)։

Անցողիկ վեց տոկոս շեմը չեն հաղթահարել «Քաղաքացիական պայմանագիրը», որը ստացել է 1617 ձայն (4.08%), «Համախմբումը»՝ 984 ձայն (2.48%), Հայ ազգային կոնգրեսը՝ 551 ձայն (1.39%)։

Մեկնաբանել