Հայաստանի առաջին խորհրդարանը՝ Խորհուրդը. 1918

Այս հրապարակումով սկսում ենք համառոտ ներկայացնել Հայաստանի պառլամենտարիզմի պատմությունը: Հայաստանը խորհրդարաններ ունեցել է Հայաստանի Առաջին Հանրապետության (նախ Խորհուրդ, ապա՝ Խորհրդարան), Խորհրդային Հայաստանի 70 տարիների (Գերագույն Սովետ) և Հայաստանի Երրորդ Հանրապետության (Գերագույն խորհուրդ, Ազգային ժողով) ընթացքում:

Հայաստանի Խորհուրդը. 1918թ. օգոստոս – 1919թ. մարտ

Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինը՝ պառլամենտը, ձևավորվել է 1918 թվականի ամռանը՝ Առաջին Հանրապետության հռչակումից երկու ամիս անց: Դա նաև Հայաստանի պատմության մեջ միակ օրենսդիր մարմինն էր, որ ձևավորվել է ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում:

Առաջին խորհրդարանը, որը կրում էր Խորհուրդ անունը, ձևավորվեց Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 թուրքերի (այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցիներ) ու մեկական ռուսի և եզդու ներգրավումով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր:

Խորհրդում ներկայացված էին հետևյալ քաղաքական ուժերը. Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայ ժողովրդական կուսակցություն (ռամկավարներ), Սոցիալ դեմոկրատներ և Սոցիալիստ հեղափոխականներ:

1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում բացվեց Հայաստանի Խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա էր կառավարությունը ողջ կազմով՝ վարչապետ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Նիստին ներկա էին նաև Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան Թուրքիայի ներկայացուցիչները, Պարսկաստանի հյուպատոսը, ռուս և մահմեդական ազգային խորհուրդների ներկայացուցիչները: Հայ բարձրաստիճան զինվորականներից ներկա էին Թովմաս Նազարբեկյանն ու Մովսես Սիլիկյանը:

Հայաստանի անդրանիկ օրենսդիր մարմնի առաջին նիստի բացման պատիվը տրվեց Դաշնակցական Ավետիք Սահակյանին: Խորին լռության մեջ բեմ ելավ Սահակյանը և արտասանեց բացման ճառը, որը տեղում թարգմանվեց ռուսերեն և թուրքերեն, գրում է Սիմոն Վրացյանը:

«Այս օրը կդառնա մեզ համար պատմական և կբանա մի նոր լուսավոր դարաշրջան մեր երիտասարդ պետության կյանքում: Այս օրը կմնա միշտ հիշատակելի և ա՜յն պատճառով, որ առաջին անգամ իրականացած ենք տեսնում մեր նեղ հորիզոնի սահմաններում գեղեցիկ երազանքն ու նվիրական տենչը ինքնորոշման, թեև անհնարին դժվարին պայմաններում»,- հայտարարեց Սահակյանը:

«Բազմակողմանի քննելով մի կողմից երկրի ուժերը և այն հանգամանքները, որոնց մեջ գտնվում է հայ ժողովուրդը, և մյուս կողմից՝ քաղաքական և տնտեսական ստեղծված դրությունը, Հայոց ազգային խորհուրդը սեղմեց իր սիրտը և անողոք գիտակցությամբ որոշեց վերջնականապես ընդունել վերջնագիրը և ճանաչել Հայաստանի անկախությունը՝ իրեն հանձնելով պատմության անաչառ դատաստանին», ասաց նա՝ հատուկ ընդգծելով, որ Հայաստանը «սրբությամբ և անշեղ կերպով» կկատարի այն պարտականությունները, որոնք բխում են Բաթումում հունիսին Թուրքիայի հետ կնքած խաղաղության դաշինքից:

Խորհրդի անդամների՝ պատգամավորների անունները ընթերցվելուց հետո, առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց ՀՅԴ-ական Ավետիք Սահակյանը: Միայն Սոցիալ դեմոկրատները ձեռնպահ քվեարկեցին, մյուսները կողմ էին Սահակյանի թեկնածությանը: Խորհրդի փոխնախագահներ ընտրվեցին Հայ ժողովրդական կուսակցությունից Գր. Տեր-Խաչատրյանը և Սոցիալիստ հեղափոխականներից Դ. Զուբյանը, քարտուղար՝ անկուսակցական Պ. Զաքարյանը, երկրորդ քարտուղար Ե. Սարգսյանը ՀՅԴ-ից:

Խորհրդի նիստից հետո զորավար Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ զորահանդես: Ականատեսներից Սիմոն Վրացյանը գրում է. «Զորահանդեսին ներկա էին օտար ներկայացուցիչներ, Խորհրդի և կառավարության անդամները և խուռն բազմությունը: Զորքերը՝ երաժշտությամբ և կանոնավոր շարքերով, անցան հանդիսատեսների առջևից և բարձրացան Աստաֆյան պողոտայով՝ հասարակության աննկարագրելի ցնծության և ծափերի միջով: Տեսարանը հուզիչ էր: Հայաստանի խորհրդարան, հայոց կառավարություն, հայկական բանակ… Երազ չէ՞ր արդյոք»:

Օգոստոսի 3-ին տեղի ունեցավ խորհրդարանի երկրորդ նիստը, որտեղ ելույթ ունեցավ վարչապետ Հովհաննես Քաջազնունին՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:

«Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը: Նա կոչված է իրականացնելու գործադիր իշխանություն մի պետության մեջ, որ դեռ նոր է ծնունդ առել և տակավին դուրս չի եկել իր կազմակերպման առաջին շրջանից: Կառավարությունը չունի ո՛չ մի հենարան անցյալում. նա չի՛ հաջորդում նախկին կառավարությունը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը. նա նույնիսկ չի ժառանգում կենտրոնական իշխանության կարիքներին հարմարեցրած պատրաստի ապարատներ: Նա հարկադրված է սկսելու ամեն բան սկզբից. անձև քաոսի և ավերակների կույտից նա պետք է ստեղծի կենսունակ և աշխատունակ մի մարմին»:

Ինչպես խորհրդարանի նախագահ Սահակյանը, այնպես էլ Քաջազանունին, ով երկու ամիս առաջ Բաթումում ստորագրել էր Հաշտության և բարեկամության պայմանագիր թուրք պատվիրակների հետ, կարևորում էր այդ պայմանագիրը:

«Ամրացնել Օսմանյան կառավարության հետ հաշտությունը և բարի դրացիական հարաբերություններ հաստատել նրա հետ: Խստիվ կատարել այն բոլոր պարտականությունները, որ մենք հանձն ենք առել Օսմանյան կայսրության հանդեպ ու հետևել, որ Օսմանյան կառավարությունը իր կողմից անի նույնը մեր վերաբերմամբ: Մասնավորապես, լուծել օսմանյան զորքերի՝ մեր երկրից դուրս բերելու հարցը, և գաղթականների վերադարձը: Ազրբեջանի և Վրաստանի հետ փոխադարձ համաձայնության գալով՝ լուծել Հայաստանի և այլ պետությունների սահմանների հարցը՝ հիմք ունենալով ազգագրական սկզբունքը՝ իբրև միակը, որ համապատասխանում է ռամկավար պետությունների ոգուն ու նպատակներին»։

Լուսանկարում՝ Կաթողիկոս Գևորգ Սուրենյանցը օրհնում է կամավորներին, 1918

Մեկնաբանել