Սամվել Բաբայանը ճիշտ չի համարում քաղաքացիական անձի նշանակումը պաշտպանության նախարար

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը ճիշտ չի համարում քաղաքացիական անձի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում․ այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Այսօր Հայաստանը պատերազմական վիճակում է: Դա կարող են իրենց թույլ տալ, ասենք՝ Ֆրանսիան, Գերմանիան, եվրոպական երկրները, բայց Հայաստանը՝ չեմ գտնում, որ այսօր ճիշտ պահն էր քաղաքացիականի նշանակելու»,- ասել է Սամվել Բաբայանը:

Հարցին, թե ինչպես է գնահատում պաշտպանության նախարարի փոփոխությունը, ինչու Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարվել Սեյրան Օհանյանից, ԼՂ պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է․ «Կոնկրետ չեմ կարող ասել ինչու հրաժարվեց, նման պատասխան չունեմ, տեղեկություն էլ չունեմ: Ես ճիշտ չեմ համարել Սեյրան Օհանյանի փոփոխությունը այս փուլում: Ես գտնում եմ, որ եղած ռազմական թիմի մեջ ավելի գրագետ․․․ ավելի շատ իրեն եմ ընդունել, քան մնացածին: Կապ չունի՝ անձնական հարաբերություն, կամ ինչ»:

Նա նշել է, որ չի կարծում՝ Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը կապ ուներ քառօրյա պատերազմի և այդ առիթով բանակի հասցեին հնչած քննադատության հետ։ «Եթե նման կապ լիներ, հենց սկզբից էլ կփոխեր՝ այն երեք գեներալի հետ: Կարող է՝ ներքին, ռազմավարական, տակտիկական բան է փոխվում իր կառավարման մեջ՝ ավելի շատ նախագահն ինքն է զբաղվելու այդ գործով»,- ասել է Սամվել Բաբայանը:

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին՝ Բաբայանը զգուշացրել է՝ այսօր Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։

«Համապատասխան ժամկետ է պետք, որ պատրաստվի: Ես ժամանակին ևս այդ մասին ասել եմ՝ գործարաններ է կառուցում հրթիռներ արտադրելու, արկեր արտադրելու, իրենց երկաթուղու խնդիրն են լուծում: Ադրբեջանը գնում է պատերազմի՝ լայնամասշտաբ ու երկարատև, պարզապես մենք չենք ուզում դա ճիշտ վերլուծել»,- ասել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում։

Մեկնաբանել