Սերժ Սարգսյանը «Գազպրոմի» ղեկավարի հետ քննարկել է գազի գնի իջեցումը

Սերժ Սարգսյանը «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ այսօր քննարկել է Հայաստան մատակարարվող գազի գնի իջեցումը։ «Գազպրոմի» ղեկավարը հայ-ռուսական էներգետիկ համագործակցության հարցեր է քննարկել նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

ՀՀ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների և միջպետական փոխգործակցության կարևոր բաղադրիչ համարվող էներգետիկայի, մասնավորապես՝ գազաէներգետիկ ոլորտի հետ կապված հարցեր, որոնք, ըստ ՀՀ Նախագահի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ պարբերական հանդիպումների ժամանակ քննարկվող կարևոր օրակարգային հարցերից են:

Համակարծիք լինելով, որ Հայաստանի անդամակցումը միասնական տնտեսական տարածքին՝ Եվրասիական տնտեսական միությանը, նոր հեռանկար է բացում փոխշահավետ համագործակցության և տնտեսությունների մրցունակության բարձրացման համար, այդ թվում նաև էներգետիկայի ոլորտում, ՀՀ Նախագահը և «Գազպրոմ» ընկերության նախագահն այդ համատեքստում անդրադարձել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գնագոյացման, մասնավորապես՝ գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին:

Հանդիպմանը Ալեքսեյ Միլլերը ՀՀ Նախագահին ներկայացրել է նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությունը, ներդրումները, առաջիկա ծրագրերը, որոնցում, նրա հավաստմամբ, կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի և Աբովյանի գազապահեստարանի հարցը

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն այսօր հանդիպում է ունեցել նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում ոլորտի զարգացմանն ուղղված գազաէներգետիկ ծրագրերը և հատկանշել, որ «Գազպրոմը» Հայաստանում ունի ամենախոշոր ներդրումային փաթեթը: Վարչապետն ավելացրել է, որ երկրի էներգետիկ անվտանգությանն ուղղված ծրագրերը, հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումը, իրականացված ներդրումային խոշոր նախագծերը կյանքի են կոչվել «Գազպրոմի» ղեկավարության պատրաստակամության և անմիջական ջանքերի շնորհիվ:

Ալեքսեյ Միլլերը ընդգծել է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս, գազամատակարարման հուսալի համակարգ, և վստահեցրել, որ «Գազպրոմն» այսուհետ ևս պատրաստ է Հայաստանում իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները: Նշելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության դիվերսիֆիկացված առանձնահատկությունը՝ Միլլերը կարևորել է նաև Հրազդանի ՋէԿ-ի 5-րդ էներգաբլոկի և Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի հետագա շահագործման արդյունավետությունը:

Ընդգծելով «Գազպրոմի» գործունեության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը՝ Միլլերը նշել է, որ ընթացքի մեջ է բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ուսումնամարզական համալիրի շինարարությունը, որը «Գազպրոմի» ներդրումն է Հայաստանի երիտասարդ սերնդի ապագայի համար: Վարչապետը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կարեն Կարապետյանը «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Մեկնաբանել