Հայաստանցիները չեն վստահում եվրասիական ինտեգրմանը․ հարցում

ԱՊՀ երկների և Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ մտնող երկների շարքում եվրասիական ինտեգրման հանդեպ աջակցությունը 2016թ․ ամենամեծ անկումը գրանցել է Հայաստանում՝ 56-ից 46%-ի. այսպիսի տվյալներ է բերում «Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն բարոմետր» հետազոտական նախագծի զեկույցը։ Նշվում է, որ աջակցության ընդհանուր մակարդակը գերազանցում է 60%-ը և ընդհանուր առմամբ ինտեգրումը դեռ պահանջված է, իսկ անկումը տեղի է ունեցել ինտեգրման հանդեպ անտարբեր վերաբերմունք ունեցողների մասնաբաժնի աճի հաշվին։ Առանձին նշվում է Հայաստանը, որի դեպքում այդ ցուցանիշն աճել է նաև բացասական գնահատականների հաշվին։ Աճ գրանվել է միայն Բելառուսում։

ԵՏՄ-ի հանդեպ անդամ-երկրների վերաբերմունքը

Հայաստան – 2016թ․ 46%՝ 2015թ․ 56%-ի համեմատ (10% անկում)

Ղազախստան – 2016թ․ 74%՝ 2015թ․ 80%-ի համեմատ (6% անկում)

Ռուսաստան – 2016թ․ 69%՝ 2015թ․ 78%-ի համեմատ (9% անկում)

Ղրղզստան – 2016թ․ 81%՝ 2015թ․ 86%-ի համեմատ (5% անկում)

Բելառուս – 2016թ․ 63%՝ 2015թ․ 60%-ի համեմատ (3% աճ)

ԱՊՀ մյուս երկրներից ԵՏՄ-ի հանդեպ վերաբերմունքն ունի հետևյալ պատկերը.

Տաջիկստանում՝ ԵՏՄ անդամակցության ամենահավանական թեկնածու երկրում, Միություն մտնելու հանդեպ աջակցությունը 2016թ․ կազմել է 68%՝ 2015թ․ 72%-ի համեմատ։

Մոլդովայում՝ 2016թ․ 19%, 2015թ․ 31%:

«Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների հեռանկարների գնահատում» կատեգորիայի տակ ցուցանիշները նույնպես նվազման մասին են վկայում, և եթե մյուս երկրների դեպքում նվազումը չի գերազանցում 10%-ը, ապա Հայաստանի դեպքում անկումը եղել է 12%:

Հայաստանում նախորդ տարվա համեմատ ավելի ցածր են գնահատել նաև ԱՊՀ երկրների՝ մեր երկրի հանդեպ բարեկամ լինելը․ 72% 2016թ․՝ 2015թ․ 87%-ի համեմատ։

«Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն բարոմետր» հետազոտական նախագծի հարցումներին 2016թ․ մասնակցել է ավելի քան 8,5 հազ․ մարդ ԱՊՀ յոթ երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Տաջիկստանում։ Մասնակիցները պատասխանել են եվրասիական ինտեգրմանն ու տարածաշրջանային երկրների տնտեսական, քաղաքական և սոցիո-մշակութային փոխգործակցության մի շարք ուղղությունների հանդեպ հարցերի։

Եվրասիական ինտեգրման «մեղրամիսն» ավարտվել է

Գնահատելով հետազոտության արդյունքները՝ Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը կարծիք է հայտնել, որ եվրասիական ինտեգրման «մեղրամիսն» ավարտվել է։

«Քաղաքացիները ավելի հաճախ են սկսել գնահատել ընթացիկ վիճակը, ինտեգրման կոնկրետ արդյունքները, այն, թե ինչպես է ազդում իրենց կյանքի վրա»,- «Իզվեստիա» թերթին ասել է Վինոկուրովը։

Թերթի զրուցակից բոլոր փորձագետները համարում են, որ 2012թ․ Մաքսային միության տեսքով «ինտեգրման պայթուցիկ էֆեկտին փոխարինելու եկան կենցաղային խնդիրները», որոնք կապված են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ փորձագետները ինտեգրման աջակցության նվազումը նույնպես կապում են տնտեսական իրավիճակի փոփոխության հետ։

«Հայաստանի անդամակցությունը Միությանը համընկավ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական դրության վատթարացման հետ, որից այդ երկիրը մեծ կախման մեջ է դրամական փոխանցումների, արժույթի փոխարժեքի տեսանկյունից։ Ռուբլին ընկավ, դրամը՝ ոչ, ինչը հանգեցրեց առևտրաշրջանառության նվազման։ Հայաստանը նույնպես ստիպված եղավ արժեզրկել իր դրամական միավորը։ Այս վատ կողմերը կապում են ԵՏՄ մտնելու հետ»,- կարծում է Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փորձագետ Կոնստանտին Տասիցը։ Նրա համոզմամբ՝ միայն հիմա, երբ հոսքերը սկսեցին վերականգնվել, Հայաստանին «տեսանելի դարձան միության անդամակցության առավելություններն ու թերությունները»։

Հիասթափություն քաղաքական դաշնակցից

Աջակցության նվազման մեկ այլ պատճառ այն է, ըստ փորձագետի, որ հայերը Ռուսաստանին ընկալում էին որպես քաղաքական դաշնակից, որից այս տարվա ապրիլին ԼՂ-ում իրավիճակի սրման ժամանակ ակնկալում էին, որ միանշանակորեն հանդես կգա իրենց կողմից։

Ընդ որում, ասում է նա, Ռուսաստանը հանդես եկավ որպես խաղաղ կարգավորման միջնորդ։

«Դա օգտագործվեց տարբեր արևմտամետ լրատվամիջոցների կողմից տարաձայնությունները խորացնելու համար»,- նկատում է Տասիցը՝ հավելելով, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին գերճշգրիտ զենքի մատակարարումը «մասամբ հավասարակշռեց իրավիճակը»։

Մեկ այլ փորձագետ՝ ԱՊՀ երկրների ինստիոտուտից Անդրեյ Գրոզինը ընդհանուր առմամբ լավատես է եվրասիական ինտեգրման հեռանկարների հարցում, ինչին, նրա համոզմամբ, կարող է նպաստել նաև ներմուծման փոխարինումը, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանում, այլև Ղազախստանում և Բելառուսում։

Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն․ հայաստանիցների փոփոխվող կարծիքը

Հայաստանում եվրասիական ինտեգրման հանդեպ հետաքրքրության նվազման և, դրան զուգընթաց, եվրաինտեգրման նկատմամբ աջակցության ավելացման մասին են վկայում նաև 2016թ․ օգոստոսին Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և APR Group հետազոտական կազմակերպության անցկացրած հետազոտության արդյունքները։ Հայաստանում հարցվածների 41%-ը (2015թ․՝ 25%) այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու օգտին արտահայտվել է հարցվողների 25%-ը (2015թ․՝ 37%)։ Հայաստանում վիճակը գնալով վատանում է, ասել է 2016-ին հարցվածների 70%-ը։ Իսկ 22%-ն էլ ասել է, որ ոչինչ չի փոխվում։ Հայաստանի ապագան հոռետեսորեն պատկերացնողների մեծամասնությունը կողմ է արտահայտվել երկրի՝ Եվրամիությանն անդամակցելուն:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել