«Նաիրիտն» ու մատակարարումները՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրակարգում

Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչ վերաբերմունք ունի կառավարությունը 2015թ․ «Նաիրիտ» ՓԲԸ-ի կողմից կառավարությանը ներկայացված ծրագիր-ռազմավարության վերաբերյալ։ «Հասարակության ուշադրության ներքո են գտնվում «Նաիրիտ» գործարանի և «Քիմպրոմի» հիմնախնդիրները տարիներ շարունակ։ Իմ տվյալներով «Քիմպրոմի» դպքում ձեռնարկությունը պարբերաբար բացվում ու փակվում էր, և խիստ անկայուն վիճակ է։ Ինչպիսի՞ն է «Նաիրիտի» վերաբերյալ կառավարության դիրքորոշումը»,- հետաքրքրվեց ՕԵԿ-ական պատգամավորը։

Ի պատասխան՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց․ «Չէի ուզենա հարցին հարցով պատասխանել, սակայն, պարոն Շահգելդյան, դուք այդ ներկայացված ծրագրին ծանո՞թ եք»։

Վարչապետն ասաց նաև, որ իրենք պայմանավորվել են իրենց գործընկերների հետ կառավարության կայքում տեղադրել «Նաիրիտի» վերաբերյալ բոլոր առաջարկությունները․ «Կառավարությունը կայքում դնելու է այդ ծրագրերը, որ յուրաքանչյուր ցանկացող կարողանա ծանոթանալ դրանց։ Կարող էիք այդ ծրագիրը մեզանից պահանջել, մենք կներկայացնեինք, դուք էլ որպես մասնագետ կգնահատեիք, թե որքանով է մասնագիտական, որքանով է կիրառական և որքանով է իրագործելի, որից հետո գուցե նման հարցադրում չլիներ»։

Մհեր Շահգելդյանն արձագանքեց, որ ծրագրին ծանոթ է և հանդիպել ու խոսել է նաև հեղինակների հետ։ «Ծրագրին ծանոթ եմ, հակառակ դեպքում հարցը չէի ուղղի։ Հարցի լուծման համար գուցե նպատակահարմար լինի կառավարությունում ձևավորել աշխատանքային խո՞ւմբ՝ անդրադառնալու արդյունաբերության ոլորտի խնդիրներին»,- հարցրեց Շահգելդյանը։

«Աշխատանքային խումբ արժի ստեղծել «Նաիրտի» և նման ձեռնարկությունների խնդիրների համար՝ ոչ, դրա համար կա կառավարություն։ Մեր դիրքորոշումը հետևյալն է, եթե լինի նորմալ առաջարկ, ապա բաց, թափանցիկ, բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելով քննարկելու ենք»,- պատասխանեց վարչապետը։

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց պաշտպանության նախարարությանը մատակարարվող պարենային մթերքների ոլորտում առկա խնդիրներից։ «ՊՆ-ի մատակարարողները գյուղացիներից կարտոֆիլը գնում են 40-45 դրամով, իսկ զորամասին հանձնում են 84-104 դրամով։ Այս ամենի հիմնավորումն այն է, որ գնողները կարտոֆիլը պահեստավորում են, հարկ են տալիս և բանվորներ են պահում, սակայն իրականությունն այն է, որ պահեստավորումը կատարում են գյուղացիները․ գյուղացիները կատարում են նաև բեռնման աշխատանքները, իսկ զորամասում բեռնաթափումը կատարում են զինվորնեը։ Տարբեր քննարկումների արդյունքում գինը բարձրացավ 50 դրամի, որը սակայն դարձյալ եզրային է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արդարացի կլինի, եթե կառավարության միջամտությամբ այդ գինը բարձրանա մինչև 60 դրամ։

Հարցին ի պատասխան՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ խնդիրը շատ հստակ է․ ի տարբերություն այլ սննդամթերքների՝ կարտոֆիլի, գազարի ու կաղամբի պարագայում մատակարարը իրականացնում է բավական ծավալուն աշխատանք։ «Իրականում մատակարարը մթերում է այդ մթերքները՝ ըստ ժամանակացույցի ամբողջ տարվա ընթացքում։ Գնի տատանման վերաբերյալ, այո՛, թվերը ճիշտ եք ասում, և ամեն գնի մեջ 14 դրամը տրանսպորտի ծախսերն են»,- ասաց պաշտպանության նախարարը՝ հորդորելով Նիկոլ Փաշինյանին իրենց ներկայացնել այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ բանակում բեռնաթափումներն իրականացնում են զինվորները․ «Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե ինֆորմացիան փոխանցեք մեզ, քանի որ դա պայմանագրային ծառայություն է, որը կատարվում է զորամասում, և զինվորը այդ գործընթացի հետ չպետք է կապ ունենա։ Ձեր հարցն ունի շատ կարևոր և գլոբալ ենթատեքս, որը գնումներին է վերաբերում բանակում, պետք է ասեմ, որ դա մեր առաջնահերթություններից է, և մենք այդ ոլորտում ունենք շատ լուրջ խնդիրներ և անելիքներ»։

Վիգեն Սարգսյանն ասաց նաև, որ խնդիրը քննարկել են գյուղատնտեսության նախարարության իրենց գործընկերների հետ և կարծում են՝ հարցի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել գյուղացիների մասնակցությունը հայտարարված մրցույթներին։ «Եթե գյուղացիները կարողանան ապահովել այնպիսի կոոպերատիվներ, որը թույլ կտա գյուղացուց մինչև զորամաս շղթան անխափան իրացնել, ապա մենք շատ ուրախ կլինենք, որ նրանք մասնակցեն մրցումներին, սակայն դա պետք է անեն գյուղացիները՝ հասկանալով, որ առանձին փոքր չափաքանակով կարտոֆիլ չեն կարողանա վաճառել որևէ խոշոր գնորդի»,- ասաց պաշտպանության նախարարը։

Մեկնաբանել