Նալբանդյանն ու Շտայնմայերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունը հրավիրել է առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում։

Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել կազմակերպության օրակարգային հարցերի, Համբուրգի նախարարական խորհրդի նախապատրաստական աշխատանքների շուրջ, հաղորդում են ԱԳՆ-ից։

Նալբանդյանն ու Շտայնմայերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, մտքեր են փոխանակել զարգացման համագործակցության շրջանակում ընթացող փոխգործակցության շուրջ։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային հարցերի։ Քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, մտքեր են փոխանակվել փախստականների հոսքի և նրանց ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ:

Մեկնաբանել